— Տեր պապայի մը չվայլեր ըրածդ։
— Լռե՛։
— Չպիտի լռեմ։
— Թո՛ղ տվեք թևերս։
— Թող՛ չեմ տար,— կը պաաասխանե տիկին Շուշան,— իմ իրավունքս է։
— Ոչ, իմ իրավունքս է։
— Քանի մը հարյուր դահեկան առնելու համար կուզես, որ խեղճ մարդը թշվառ ընես․ դուն աղջիկ չես ճանչնար։
— Մի՛ պոռար․ պիտի թողում, որ կողոպտեք այս ազնիվ մարդն, այնպես չէ՞։
— Ինչո՞ւ կռիվ կընեք, ամոթ չէ՞․․․ ես չեմ ուզեր աղջիկ։
— Չըլլար,— կը պատասխանե տիկին Շուշան,— մենք քեզի աղջիկ մը պիտի գտնենք․ բայց թե որ տեր պապային ձեռքով աղջիկ փնտրես, գիտցած եղիր, որ պատիվդ մեկ ստակի[1] կըլլա։
— Ընդհակառակն, քահանայի ձեռամբը աղջիկ փնտրողն է պատվավորը։ Երթանք, Աբիսողոմ աղա։
— Թող չեմ տար։
— Երթանք, Աբիսողոմ աղա։
— Թող չեմ տար, որ երթա․ ես անոր աղջիկներ պատրաստած եմ, աոջիկտեսի պիտի երթանք։
Այս տեսարանը տեղի կունենար պ․ Դերենիկի գործատան[2] առջև, և անցնողներեն պզտիկ խումբ մը հանդիսականի պաշտոն կը վարեր անդ, երբ Մանուկ աղան ստիպված Աբիսողոմ աղան անպատճառ գտնելու՝ եկավ հոն, տեսավ Աբիսողոմ աղան, որուն մեկ թևեն քահանան և մյուս թևեն տիկին Շուշան կը քաշեր, և մեկդի քաշելով զայն՝ քանի մը ծանր խոսքեր ուղղեց քահանային և տիկին Շուշանին և հեռացուց զանոնք։
— Ա՜հ,— ըսավ Մանուկ աղան Աբիսողոմ աղայի դառնալով,— հանցանքը ձերն է, ամենուն երես կուտաք․ ասոնք միմիայն քեզմե օգտվելու համար կը մոտենան քովդ։
— Իրա՞վ կըսեք։
— Ինչո՞ւ սուտ պիտի զրուցեմ։ Կարգվիլ կուզես, լավ․ ես գտնեմ քեզի աղջիկներ, ընտրե և ուզածդ առ։
— Աղեկ ըսիր։
— Պատվավոր ընտանիքե աղջիկներ ցուցնել տամ քեզի։
— Ցուցո՛ւր:
— Միջնորդով աղջիկ փնտրելու ժամանակը անցած է հիմա։
— Այդպե՞ս է։