— Մինչև անգամ ամոթ է։
— Ամոթ է նե, չուզեր։
— Ես քեզի աղջիկ կը հավնեցնեմ։
— Շնորհակալ եմ։
— Տուր ինծի դուն սըկեց հիսուն ոսկի։
— Սա ի՞նչ ըսել է։
— Տուր դուն ինծի հիսուն ոսկի։
— Ի՞նչու տամ։
— Ա՜լլահ, ա՜լլահ[1], տուր կըսեմ կոր նե, հարկավ բան մը գիտեմ կոր․ տեր ողորմյա, պիտի առնեմ, չպիտի փախչիմ յա։
— Չպիտի փախչիս, բայց․․․
— Կը վախնա՞ս կոր ինծի հիսուն ոսկի տալու, արդեն այքան գումար մը պահանջող եմ ես քեզմե, ձեզի համար այնքա՜ն ծախքեր ըրած եմ։
— Այնքան ծախքե՜ր․․․ ի՞նչ ծախքեր են անոնք․․․
— Մեկիկ մեկեկ չպիտի գրենք ա՛, տիկինը գիտե։ Բայց թողունք այդ խնդիրը հիմա։
— Ո՛չ, չթողունք այս խնդիրը․ հիսուն ոսկի․․․ քա՞նի օր եղավ որ․․․
— Մեկու մը պարտք ունեի, այսօր եկավ, նեղը խոթեց զիս, և եթե այդ գումարը չվճարեմ, տունեն պիտի հանեն մեզի։ Ասիկա ինծի համար ամոթ է, քեզի համար ալ պատվաբեր բան մը չէ։ Տուր սա հիսուն ոսկին, հաշիվը կը կարգադրենք վերջը։
— Ի՞նչ խայտառակություն է աս․․․
— Աղջիկ գտնամ նե, միջնորդեք[2] չպիտի ուզեմ ես քեզմե․ տուր սա հիսուն ոսկին։
— Ինչո՞ւ տամ․․․ ի՞նչ ըրի ես քեզի․․․
— Կցավիմ, որ խոսք չեք հասկնար կոր․ քեզի ինչ կըսեմ կոր նե, ան ըրե․ ինչո՞ւ չէս տար կոր սա հիսուն ոսկին։
— Չեմ տար, տունեդ ալ կելնեմ, կերթամ։
Եվ խոսելով դեպ ի տուն կը քալեին։
— Հիսուն ոսկին ալ մեծ բան մ՚ ըլլար, որ չեք ուզեր կոր տալ։ Իրավ որ ես ձեզմե չէի հուսար։
— Հուսացե՛ք։
— Ձեր քիպարությանը չէի ձգեր, որ հիսուն ոսկիի խոսքն ընեք։
— Սնդուկներս կառնեմ, կերթամ ես։
— Կրնաք երթալ, բայց հիսուն ոսկին տալեն ետքը։
— Չեմ տար։