Այս էջը հաստատված է

Երբ երկու երեք հեղինակք մեկտեղին, «ինտոր փախցուցինք սա Աբիսողոմ աղան» կըսեն ու կը խնդան քիչ մը։

Իսկ երբ դրամական տագնապի մեջ գտնվին,— «աստված, Աբիսողոմ աղա մը ղրկե մեզի»— կըսեն և իրենց մտքով ալ կը հավելուն.— խնդրեցեք զ Աբիսողոմ աղան, և ամենայն ինչ հավելցի ձեզ[1]»։

Մեծատուններն ալ կհիշեն Աբիսողոմ աղան, երբ գրական մարդ մը անոնց մեկենասությունը խնդրե։

Աբիսողոմ աղա չենք մենք, կըսեն։

Իսկ մենք, որ ներկայացած չենք Աբիսողոմ աղային, կը հրատարակենք սույն գործն ոչ այնքան մեղադրելու նպատակավ ազգային խմբագիրներն, հեղինակներն, բանաստեղծներն և այլն, որքան ներկայացնելու համար ապագա սերնդյան՝ ժամանակիս գրագետներու ողբալի կացությունն և գրականության մասին ազգային մեծատուններու սարսափելի անտարբերությունը։

  1. Որոնեցեք Աբիսողոմ աղային, և ամեն բան կտրվի ձեզ