Այս էջը հաստատված է

այն բանի մեջ, որ դու կասկածում ես իմ սրտիցը և համարելով, թե ամուսնանալ խնդրում էի քո հետ, քո անունի և հարստության պատճառով, կարդում ես ինձ այդ քարոզը։ Ես ինքս գիտեմ, որ ամուսնությունը քաղցր չէ, եթե չէ հաստատված ամուսինների սիրու վերա. այդպիսի ամուսնությունը մի լուծ է, որ ամուսիններից մինը դատապարտված էր մինչև յուր կյանքի վերջը կրել յուր պարանոցին, մի պատիժ է, որ գերեզմանը միայն կարող էր վերացնել։ Տեսանելով քո սիրտը, շոշափելով քո հոգին և այս քննութենից հետո, հարմար գտանելով նորան իմ սրտին և հոգուն, ցանկանում էի, որ այս երկու սիրող սրտերը կապվեին օրհնության պսակի կապով։ Ինչպես դու, նույնպես և ես, տալիս եմ քեզ իմ սիրտը. այսուհետև նա իմը չէ, այլ քոնը, ա՛ռ նորան և միացուր քո ազնիվ սրտի հետ, թո՛ղ այս գիշերվա խորհրդական լռությունը վկա լինի իմ անխարդախ կուսական երդմանը։

Այս խոսքերի վերա, լուսինը գողի նման դուրս նայեց մի վայրկյան թանձր և խավար ամպերի տակից. նորա լուսով տեսանելի Շահումյանցի և Մանուշակի գրկախառնությունը ծառերի մեջ, թեև ոչ այնքան պարզ. պատճառ, օդը շատ թանձր լինելով, թույլ չէր տալիս լուսնի ճառագայթներին զարկել սոցա վերա։

— Ընդունում եմ քո երդումը, սիրական,— ասաց Շահումյանցը համբուրելով Մանուշակի ձեռքը,— և այս օրից, դու կարող ես ազատ համարել քեզ Աղվանյանցի հետ ամուսնանալուց. ես շուտով կխոսեմ քո հոր հետ և կավարտեմ գործը։

Մանուշակը թրթռում էր նորա գրկի մեջ, նորա թուլացած գլուխը հանգչած էր Շահումյանցի ուսի վերա, իսկ եղանակի թացությունը, անխնա տամկացրել էր նորա զգեստը և մազերը։ Շահումյանցը տեսանելով Մանուշակի դրությունը պատճառված օդի ազդեցութենից, մանավանդ որ արդեն բավական ժամանակ էր, քանի նա դուրս էր եկել տանից, ասաց նորան.

— Այժմ տո՛ւն գնա, սիրական Մանուշակ, ժամանակը ուշ է...

Մանուշակը առանց խոսելու համբուրեց Շահումյանցի երեսը։

— Մնաս բարյա՛վ,— ասաց Շահումյանցը։

— Երթաս բարյա՛վ, սիրական,— պատասխանեց Մանուշակը բաժանվելով նորա գրկից։

Մանուշակը հազիվ թե դուրս էր եկել պարտիզից և մոտեցել յուրյանց տան դուռին, մինչ Շահումյանցը նեղ և ցեխոտ փողոցով, փաթաթված յուր վերարկուի մեջ, գնում էր կամաց-կամաց։

202