Այս էջը հաստատված է

թափել էր և վարդապետի վերա ևս, որ չնայելով, թե շատ կարդացող էր, այնուամենայնիվ կատարել էր տվել յուր վերա այս արարողությունը։

Թև ինչպե՞ս էր լինում, որ այս արարողութենով, որին ամենևին մասնակից չէր նյութապես հիվանդի մարմինը, ցավը վտարվում է հիվանդի կազմվածքից, ընթերցողը կիմանա հետագա գլխումը[1]։ Այժմ մենք դառնանք դեպի մեր պատմությունը։

Տիկին Թյությունճի-Օղլուն պատրաստություն տեսավ թեթևի. մյուս օրը Հոլոյին կնիկը, որ երևելի թեթև թափող է, կանչվեցավ Թյությունճի-Օղլուի տուն։ Նա յուր սովորութենով կատարեց այս արարողությունը, Թյությունճի-Օղլուն չէ կարելի ասել, թե հավատում էր բոլորովին այս վհկական գործողությանը, բայց միևնույն ժամանակ իսպառ հաստատել չէր կարելի, թե հերքում էր դրականապես թեթևի գերբնական զորությունը: Այս անորոշ վիճակի մեջ, մանավանդ բանը Մանուշակի վերա լինելով, նա առատապես վարձատրեց Հոլոյին կնիկը, որ հարյուր, հազար շնորհակալություններով դուրս գնաց Թյությունճի-Օղլուի տանից, ձեռքին բռնած թեթևի կապոցը և մի ճրագ։ Ինքը Մանուշակը, ոչինչ հավատ չուներ դեպի այս գործողությունը. նա թույլ տվեց կատարել այս արարողությունը յուր վերա, հնազանդվելով մոր կամքին։ Նորա խելքը, միտքը կապված էր Շահումյանցի հետ. նա մտքից չէր հանում այն խորհրդական տեսավորությունը կես գիշերվա լռության մեջ, որ մեծ ազդեցություն ուներ նորա ապագա վիճակի վերա։

Մանուշակին թեթև թափելը պատահեցավ հինգշաբթի երեկո[2]։

207
  1. Պատշաճ ենք համարում ծանոթաբանել, թե թեթևը երկու տեսակ կլինի, մինը արճիճով, որ առավել ստույգ և ազդու է, իսկ մյուսը մոմով։ Այս մոմը առնում են եկեղեցուց և ասվում է «մոմի արտասուք» այն կաթած ու սառած մոմերից, որ վառվելու ժամանակ թափվում է նույն իսկ մոմեղենի վերա։ Մոմի թեթևը մեծ համարման մեջ չէ, և արճճի թեթև թափողը մոմի թեթև թափողների վերա նայում են, որպես մի խաբեբայի վերա, այն աչքով, ինչ աչքով խելացի բժշկականությունը (ալլոպատները) նայում են հոմեոպատների վերա։ Բացի այս թեթևներից փոքր բաների համար, սոխ են ձգում ճանապարհի վերա, որ խաչաձև ճեղքած, մեջքը յոթն կոտոր աղ դրած, մնացել էր մի գիշեր տկարի գլխի տակում։
  2. Թեթև թափել կամ նար ձգել, չէ կարելի կիրակամտին կամ այլ տոներում, և թեպետ բացի այս օրերից մյուս օրերում միշտ կարելի է, սակայն բոլորից ներգործական, բոլորից գերազանցը է հինգշաբթի երեկոյանը, որ այնտեղ անվանվում է «Ուրբաթ մուտք»։