Այս էջը հաստատված է

— Մեք հարսանիքը և առանց քեզ կառնենք,— ասաց Թյությունճի-Օղլուն,— և ո՛չ գալոց տարու օգոստոսին, այլ այս տարի։ Տեսանո՛ւմ ես,— հավելացրեց նա դառնալով դեպի յուր կինը,— այս պարոնը մտածում է եղած, որ շնորհ է ցուցանում մեզ մեր աղջիկը առնելով. նորան նայի՜ր, և նորա սրտին... Այդպիսի նեղսիրտ փեսա մեզ հարկավոր չէ։

Այս խոսքը ավարտած նետեց նամակը սեղանի վերա։

Մանուշակի ուրախությանը սահման չկար, որովհետև հասած էր յուր նպատակին։

XI

18... օգոստոսը վերջանում էր։

Առավոտյան տասն ժամին երկու ձիավոր մտան Սուրբ Գեորգի եկեղեցու բակը. նոցա փոշոտված հանդերձներից, երկայնացած մորուքներից և զրահավորված իրաններից երևում էր, որ հեռի տեղից էին գալիս... Սուրբ Կարապետից էին գալիս. պատճառ. Սուրբ Կարապետից եկողները ուղիղ Սուրբ Գեորգ կերթան, ինչպես նաև գնալու ժամանակ Սուրբ Թորոս։

Նորանցից մինը միջահասակ, թուխ, սև աչքերով, սև մորուքով․․․ Նոքա մտան եկեղեցին, բայց ժամասացությունը արդեն ավարտված էր․ Քահանան ճանաչեց պարոն Մկրտչին և շնորհավորեց նորա գալուստը։

— Մի՞թե դուք գիտեիք մեր գալը, Տեր հա՜յր,— ասաց Մկրտիչը քահանային, որ այսպես պատրաստ սպասում էիք:

— Ամենևին ո՜չ,— պատասխանեց քահանան,— մեք մկրտություն ունինք առնելու, կնքահորն ենք սպասում։

— Ովի՞ երեխան է մկրտելին։

— Շահումյանց Գեորգի։

— Միթե նա ամուսնացավ։

— Դեռ անցյալ տարի նոյեմբերի վերջին։

Տեսանում ես, մտածում էր, պարոն Մկրտիչը, եթե ես ևս հոկտեմբերին ամուսնացած լինեի, ինչպես մտածում էի, այժմ երեխաս մի ամսական ևս կլիներ։

— Ովի՞ աղջիկը առեց,— հարցրեց սա։

— Թյությունճի-Օղլուի։

— Ի՞նչ Թյությունճի-Օղլու։

234