ձեռքում մոտենալով կռվողներին մխիթարում էր վշտացածը, թե արժան չէր կին մարդու պես ամենայն բանից նեղանալ, միևնույն ժամանակ բարկանալով հարստահարողի վերա, թե ընկերության մեջ մեծ անկարգ բան է մի այդպիսի կոշտ վարեցողություն և այլն։
Այսպիսի պատկերներ ստեղծագործելով ուղեղի մեջ, խմում էր պարոն Մարկոսը յուր թեյը, երբեմն-երբեմն արձակելով բերանից թաբակի թանձր ծուխը օղերի նման դուրս փչելով։ Նա ուրախանում էր մանավանդ մտածելով, եթե բոլոր արաղը և գինիքը խմվելուց հետո, մի քանի մարդ և ինքը մնան զգաստ, առանց արբենալու, այն ժամանակ ի՛նչպես բարձր-բարձր խոսելով գինի պահանջելու էր պարոն Շաքարյանցից, սորա ժլատությունը խայտառակելու մտքով։ Այսպես էր նորա հոգու տրամադրությունը նամակը կարդալուց հետո։ Երբ ավարտել էր թեյ խմելը, վեր առավ վերարկուն, գլխարկը և ջոխին և դուրս գնաց յուր տանից։
Կարդացողը այս գործի, կարելի է, կարծե, թե պարոն Մարկոսը մի անսովոր արբեցող մարդ է. քավ լիցի. այդ զրպարտություն կը լիներ։ Պարոն Մարկոսը, ճշմարի՛տ է, խմում է, բայց ինչպես ուրիշները, ինչպես մի բարի հայ քրիստոնյա։ Նորա շատ խմելու վերա երևակայելը և երազելը պարոն Շաքարյանցի ժլատ հոգացողության վերա նեղանալը, շատ սովորական բան է։ Երիտասարդ մարդը, որքան շատ խմե, այնքան շատ պատվելի է նա, այնքան փառք ու պարծանք է նորա համար։ Շատ ժամանակ չէ, ես պատահեցա Կունցով ագարակում մի քանի հայ երիտասարդների, որ ման էին գալիս մի ռուսի հետ, որ դժվարությամբ կանգնում էր ոտքի վերա և որի լեզուն, համարյա թե փայտանալով, հազիվ հազ շարժվում էր բերանի մեջ. հայ երիտասարդներից մինը, պարոն Ծ....վը ասաց մեզ հայերեն — տեսանում եք, ի՛նչ օրն ենք ձգել սորան, այսինքն թե ի՛նչպես արբեցած է։
Խոսքս այն բանի վերա է, թե պարոն Մարկոսի համար մի պակասություն չէ, եթե նա մտածում է շատ խմելու վերա, և ո՛չ այսչափ միայն, այլև պարտական է մտածել և աշխատել, որ օրե օր ավելի կարողանա խմել, որովհետև մեր հայ երիտասարդներից շատերը խմելով չափում են յուրյանց քաջությունը։ Սորանից մի քանի տարի հառաջ, պատահեցա մի հայ երիտասարդի... քաղաքում, որ իրավամբ ստացավ Բեքրի-Մուստաֆա պատվանունը հասարակաց վկայությամբ. այդ պարոնը, մի օր մի լավ երկրպագություն և
238