Շատ անգամ տեսել են Շաքարյանցին փակված մի ախոռի մեջ, որ, մի ձեռքին գրչագիր մագաղաթ, իսկ մյուս ձեռքում կավիճ, մի բոլորշի գիծ էր քարշում գետնի վերա։ Նորա ծառայքը, շատ անգամ գտել են ախոռի մեջ, այդ բոլորշի գծի կենտրոնում մի մորթած սև հավ. առանց ամենայն պիսակի, և մի սև կոթով դանակ։ Բնական բաներից ցավում էր պարոն Շաքարյանցի գլուխը, նա սիրում է ոգիների և փերիների հետ խոսակից լինել միշտ. նոցա բան ապսպարել, և շատ անգամ հավատացուցած է յուր ընկերներին և բարեկամներին, թե նա, յուր դյութական արարողության միջնորդությամբ, հասել է շատ բաների։ Դոցա կարգումն է և այն, որ մի շատ գեղեցիկ աղջիկ, որի վերա սիրահարված է եղած երկար ժամանակ, և որ պարոն Շաքարյանցին ամենևին մարդու տեղ ևս չէ դնում եղած, ինքը, յուր ոտքով, միայն մի շապիկով եկել է կես գիշերին պարոն Շաքարյանցի ախոռը և ծունկ չոքած նորա առաջև, աչքը արտասուք խնդրել է....
Ահա այս պարոնն էր պարոն Մարկոսին տոմսակ գրողը, և սա էր, որի մոտ գնաց պարոն Մարկոսը, ուր կը տանենք մեք և մեր ընթերցողքը։
Բ
Պարոն Մարկոսը, ներս մտանելով Շաքարյանցի տուն, չգտավ նորան այնտեղ։ Հարցանելով ծառայից իմացավ, որ դյութությամբ պարապում է դարձյալ ախոռում։–Ի՛նչ անքրիստոնյա մարդ է դարձել դա – մտածում էր պարոն Մարկոսը պարոն Շաքարյանցի մասին։— Աստված, հրեշտակները, սուրբերը, նահատակները թողած, բան է բռնում սատանաների հետ. ահա ի՛նչ է նշանակում դաստիարակության պակասությունը։ Եթե նա կարդացած լիներ այն գրյանքը, ինչ որ ես կարդում եմ, այն ժամանակ, մազերը գլխի վերա ցցվելու էին։ Ես երանելի մարդ եմ,— մտածում էր նա,— որ երեխա ժամանակից աշակերտ վեց ա Սիմոն վարժապետին, այնպիսի կարդացող և աստվածաբան մարդու։ Ի՛նչ գլուխ ուներ, ի՛նչ ուսում ուներ. կարճ խոսելով, փիլիսոփա մարդ էր։ Ի՛նչպես գեղեցիկ մեկնում էր ժողովածուն. ապա եկեղեցի և կաթողիկոս բառերի մեկնությունը, չկարծեմ, որ եպիսկոպոսները ևս այնպես իմանան։ Աստված լուսավորեսցե քո հոգին, Սիմոն վարժապետ, եթե դու չլինեիր, եթե քո գրյանքը ինձ ժառանգություն չմնային, ո՛վ գիտե, ո՛վ կարող է երաշխավոր լինել, գուցե ես ևս Շաքարյանցի նման գլուխս տայի դիվական պարապմունքի։
242