Այս էջը հաստատված է

— Երեք հարյուր տասն և ութն հայրապետների նզովքը գլխիս լինի, եթե մի մարդու ևս հայտնեմ այդ բանը,— ասաց ջերմ-ջերմ պարոն Մարկոսը։

— Լսի՛ր ուրեմն, պարոն Մանթուխյանցը շուտով այնպես հարուստ կը դառնա, որ Րոթշիլդը կոպեկ չարժե նորա առաջև։

— Ի՛նչ ես խոսում։

— Լսի՛ր, նա պարապում է ալքիմիայով...

— Ի՛նչ ասել է ալքիմիա, խնդրեմ հասկացրու,— վեր առեց շուտով պարոն Մարկոսը։

— Դա մի գիտություն է, որ ուսուցանում է հասարակ մետալները, զոր օրինակ, երկաթը, պղինձը, անագը և այլն, ազնվացնել, այսինքն ոսկի և արծաթ փոխարկել նորանց։

— Մի՛թե կարելի՞ է այդպիսի բան։

— Անտարակույս. հարկավոր է միայն լավ ուսանել ալքիմիան։

— ճշմարի՛տ առաջին անգամ լսում եմ այդպիսի բան։

— Ապա ի՛նչ էիր կարծում, սիրելիս։ Ալքիմիան քո կարդացած բաների նման չէ. ի՛նչ քո կարդացած, և իմ թալիսմաններին ևս նման չէ. դա մի ջոկ բան է...

— Ի՛նչ տեղից է այդ գիտությունը, և ի՛նչպես ուսել է պարոն Մանթուխյանցը։

— Թե ի՛նչ տեղից է այդ գիտությունը, երկար կը լինի պատմել, մանավանդ ես ևս հաստատ չգիտեմ, թեև մի անգամ պատմել է ինձ պարոն Մանթուխյանցը, իսկ թե ի՛նչպես հասել է նա այդ գիտությանը, այդ բանը մի գաղտնիք է, որ ինձ ևս չէ բացել։

— Տարակույս չկա, որ շատ թե փոքր տեղեկություն ունիս այդ գիտության վերա, գո՛նե այնքան պատմի՛ր ինձ, որքան գիտես, հետո ես ինքս ման կը գամ գրքերի մեջ։

— Դու զուր տեղը մի՛ որոնիր քո գրքերի մեջ, ոչինչ գտանելու չե՛ս. իսկ թե շատ խնդրում ես ինձ, ուրեմն ես ցույց կը տամ քեզ մի թուղթ, որի վերա գրած է Մանթուխյանցը մի քանի ծանոթությունք ալքիմիայի մասին։ Նա տվեց ինձ այդ թուղթը հավատացնելու համար ինձ, թե կա մի այդպիսի գիտություն և թե շատ խելացի, մարդիկ եղած են դորա սպասավորք։

— Աստուծո սիրուն ցույց տուր ինձ այդ թուղթը, ես շատ ուրախ կը լինիմ և շատ շնորհակալ, և դորա փոխանակ կը տամ քեզ մի գրչագիր աղոթագիրք, որի զորությանը չեն դիմանում ոչ

256