ունեցող կեղևի մեջ։ Մի այդպիսի մարդու վարդապետությունը զոհաբերության մասին (աոանց որին ոչինչ առաքինություն չկա) այսպես է, թե այն զոհն է արժան և ընդունելիք որ վարձատրվում է իսկույն նյութական ճանապարհով։ Նա չկամի ևս հասկանալ, թե առաքինություն ասածը մի վերացական բան է և չէ երևում նյութական կերպարանքի տակ։ Հեռի է նորանից այն հաս կացողությունը և վարդապետությունը, թե ամենայն գոհ, որ վարձատրվում էր մաքուր խղճմտանքի գիտակցությամբ, արդեն ամենալավ աղբյուրն էր մխիթարության։ Ո՛հ, արևը շատ անգամ դեռևս պիտի մտանե հայերի ասիական պղտոր հայացքի վերայով.... գնայուն մեռյալները (ходячие трупы) դեռևս շատ ժամանակ պիտի կենդանի մարդիկ թվին մեր արտասվելի ազգի աչքում։ Երևում է, որ մեք տեսանելու չէինք նախախնամության այցելությունը այս ազգին հասած. բայց արդյոք պիտի տեսանե՞ին մեր որդիքը կամ թոռները, դժվար է հավատալ։ Չսերմանած, հնձելու հույսը չար անձնախաբեություն է. եթե մեր պապերը և հայրերը սերմանած լինեին, մեք այժմ կը հնձեինք, ներկայումս չենք հնձում նորա համար, որ մեր նախնիքը չեն սերմանած. բայց մեք ևս չենք սերմանում, ինչպես ուրեմն կարող են հնձել մեր որդիքը և թոռները։ Հայերի համար, երեկ և այսօր նույն և միշտ. չեմ ասում հավիտյան, որովհետև այդ ազգի բռնած ճանապարհը այնպես է, որ դարերի ևս դժվար թե կը դիմանար, ուր մնա հավիտյանը:
.... Երեկոյան ժամանակ, Կոմս էմմանուելը հեռացավ դեպի քաղաքի ծայրը, դեպի մի պարսպավոր եկեղեցի, որի բակը էր միևնույն ժամանակ և գերեզմանատուն։
Կանաչապատ էր բոլորովին այդ եկեղեցու բակը, և շատ ծառեր տնկած կային պարսպի հետ զուգահեռաբար, որոնց ստվերքը ստանում էին առավել և առավել հսկայական երկայնություն, որքան արևը խոնարհվում էր դեպի մուտ։ Թեթև քամին, խաղալով ծառերի տերևների հետ, պատճառում էր մի ախորժելի խշխշոց. ծաղիկները և արոտները սկսանում էին առուգանալ, թարմանալ և բարձրացնել յուրյանը գլուխը, ազատվելով արևի ուղղահայաց այրող ճառագայթներից, որ խաղում էին այժմ կաթողիկեի ոսկեզօծ խաշի վերա։
Այցելուն, աչքը ձգեց լայնարձակ, գեղեցկանիստ բակի վերա. ոչի՛նչ, և ո՛չ ոք... Այնտեղ ապրում էր միայն անշունչ բնությունը.
282