տյարք հարք, ես խնդրում եմ, որ հաշիվներիս վերա աչք դարձուցանեք, եկեղեցու մի կոպեկը ևս կրակ լինի իմ համար, եթե խառնել եմ իմ գույքի մեջ։— Թե աստված սիրում ես, ձեռք վեր առ այդ բաներից, մեք լավ ճանաչում ենք քեզ, աստված տա, որ բոլոր երեսփոխանք այն հոգին ու հավատը ունենային, ինչ որ դու ունիս, բե՛ր մատյանները,— շարունակում են քահանայք։ Երեսփոխանը բերում է, և ահա, եկեղեցու տարեկան ելից և մտից տակը գրվում է գեղեցիկ գրչով.— Հոգևոր կառավարութիւնս վերահասու եղեալ ստուգութեան հաշուոց, ելից և մտից եկեղեցւոյն, եգիտ զայնս ի պատշաճեալ կարգի, ըստ օրինացն հրամայելոյ, զորմէ ստորագրութեամբ անդամոց և դրութեամբ կնքոյ վկայէ։
Այնուհետև մի ամբողջ տարի ո՛վ էր եկեղեցու մոտ եկողը, ո՛վ էր հաշիվ հարցնողը։ Տարեգլխին, նույն քահանայքը, նույն խորովածը, նույն պատիվը, տաղը և շարականը, հետևաբար և նույն վկայությունը «ստորագրութեամբ անդամոց և դրութեամբ կնքոյ»։
— Ահա այս կերպով տասն և հինգ տարի վարեց հանգուցյալը երեսփոխանության պաշտոնը։ Բայց երբ սորանից հինգ տարի հառաջ հիվանդանալով հարկադրվեցավ թողուլ յուր արհեստը, եկեղեցին, բացի քանի մի փուդ մոմից, կոճատից և խունկից այլ բան չուներ....
— Ապա ժողովո՞ւրդը,— հարց արեց Կոմս էմմանուելը։
— Հը՛մ, ժողովրդին ի՛նչ. եկեղեցական գործերի մեջ ինչ գործ ունի ժողովուրդը. այստեղ հոգևոր իշխանություն կա, կառավարություն և առաջնորդ,— պատասխանեց ժամակոչը, ճակատի քրտինքը սրբելով։
— Շատ բարի, բայց եկեղեցին ոչ հոգևոր կառավարությանն է և ոչ առաջնորդին, եկեղեցին պատկանում է ժողովրդին և դեռ օրենքի զորությամբ ևս ժողովուրդը պիտի վերահասու լինի եկեղեցու տարեկան արդյունքին և ծախքին։ Երեսփոխանք ի՛նչ է. ո՛վի երեսփոխանն է նա, ո՞չ ապաքեն ժողովրդի եկեղեցու մեջ, ժողովրդի գործակատարը։ Ժողովուրդը դնում է մի մարդ եկեղեցու մեջ, որ նա տնտեսե տարեկան արդյունքը և ծախքը, այլև հոգաբարձու լինի եկեղեցու պիտույքին։
— Մեր ժողովուրդը այդպիսի բան չգիտե: Նորան վաղուց արդեն հավատացուցել են, որ ժողովուրդը, ազգը հոգևոր բաների
286