պաշտպանում են ծերի կարծիքը. բաբելոնյա՜ն խառնակություն։ Բայց այս բոլորը չէ դեռևս. այնտեղ երկու-երեք մարդ, միօրինակ դատապարտում են երկու կողմը ևս, այլև արտաքին կերպով ցույց են տալիս, որ ոչ մի կողմին կուսակից չեն, բայց եթե առանձնապես պատահեն երիտասարդին, գովում են նորա կարծիքը և համաձայնում են նորա հետ. իսկ թե բաղդը բերե պատահել ծերին,նորանից ևս չեն հրաժարվում, նորա ասածները ևս ճշմարիտ են, և այս պարոնները պատրաստ են ստորագրությամբ հաստատել ծերի խոսքերը։ Այս տեսակ չեզոքական մարդիկը այսպես մտածում են. թե հարկավոր չէր հասարակաց օգտի համար ստանալ անձնական թշնամիք. ինչ որ պիտի մտանե հասարակության գանձարանը, միթե օգո՞ւտ ունի նոցա անձնական շահասիրությանը, ուրեմն ի՜նչ հարկավոր է ամեն մարդու հետ կռիվ, վեճ բանալ։ Քաղաքը մինչև այժմ կառավարվել է, այսուհետև ևս կը կառավարվի, մեք մեր կյանքի շատ մասը անցուցել ենք, թող մեր որդիքը ինչ կամին առնեն։
Ահա քեզ, պարոն, մի անշուք, բայց ճիշտ պատկեր մեր հասարակությանը. այսպես լինելով բանը, ո՞ւր կը մնան ձեր պահանջողությունքը և խոսքերը։
Շատ տխուր տպավորություն գործեցին այս բաները Կոմս էմմանուելի վերա. նա, որ քաջ գիտեր այս բոլորը, վերստին լսում է մի ժամակոչի բերանից...
Արևը հետ քարշեց յուր վերջին ճառագայթքը, և ժամակոչը երկու ձեռքը դնելով գերեզմանի ափերին, դուրս եկավ նորա միջից։
— Հերիք է այսքանը,— ասաց նա ինքն յուրյան, բայց այնպես, որ լսեց Կոմս էմմանուելը։
— Ինչպես թե հերիք է, հազիվ մի և կես կանգուն կա փորածի խորությունը, այդպիսի գերեզմա՜ն կը լինի,— պատասխանեց Կոմս էմմանուելը։
— Ի՛նչ է, մտածում ես, որ դուրս կը փախչի մեռյալը, այդ երբեք լինելու չէ։ Քահանայն անշարժ եղիցի ասելով խաչի կնիքը դնելուց հետո, եթե մի կանգուն ևս խորություն չունենա փորածը, մեռյալը չէ դուրս գալու։
— Ես գիտեմ, որ մեռյալը չէր դուրս գալու, բայց փոքր հողի տակ ծածկելով մարմինը, երբ որ սկսանում էր փտել, յուր վերլուծության միջոցին, օդը կապականե անպիտան արտաշնչությամբ,
290