ճառագայթը մի առարկայից, չէ հասանում դեպի ուղեղը. ականջը լսողական գործարանը, նույնպես, և եթե առաջինը կամ երկրորդը հասուցանեն մի կիսատ թերատ տպավորություն դեպի ուղեղը, սա հագ է և չէ կարող ընդունել տպավորությունքը, մինչև մի դղրդեցուցիչ խթան չներգործե նորա վերա։ Բայց, սատանայական, այնպես է պատահում, որ եթե ոչ միշտ, գո՛նե շատ անգամ, այսպիսի քաղցր րոպեները ընդհատվում են այդ րոպեների բնավորության մի բոլորովին հակառակ հանդիպմամբ։ Սա մի անախորժ զգացողություն է, որ մարդը ձգում է համարյա թե մի տեսակ կատաղության մեջ. և ամենասիրելի մարդը սատանա է թվում այսպիսի ժամանակ։
Բայց Կոմս էմմանուելի սառն ընդունելությունը ոչինչ ազդեցություն չգործեց տիրացուի վերա։ Նա սովորած չէր օդից խոնավություն ընդունել, դորա հակառակ, այն տեսակ մարդերից էր, որոնց ջրհեղեղ է հարկավոր խոնավություն զգացուցանելու համար, անձրևը փոքր է։
— Ես ևս դուրս եմ եկած ման գալու,— ասաց տիրացուն,— եթե կամիք, գնանք միասին։
Թեպետև շատ ծանր էր Կոմսին ընդունել այս հրավերը, բայց մի փոքր մեղմացել էր արդեն սրտի կրակը. բացի սորանից հիշեց նա յուր սովորական կանոնը, թե չէ պիտո արհամարհել և գայթակղեցնել մի խեղճ մարդ, որի պատահական դրությունը նախանձելի մի բան չէր աշխարհի երեսին։
— Գնանք, գնանք,— պատասխանեց Կոմսը,— բա այպես... ուղի՛ղ. պատճառ, ես այժմ վերադառնում եմ դեպի տուն և միտք չունիմ երկար միջոց ման գալու։
Սկսեցին գնալ։ Երկու կողմից ևս պահվում էր մի կամակոր լռություն։
Կոմսի միտքը նմանում էր մի ծովի, որ երկար ժամանակ մրրկից ալեկոծվելով, չէ կարող իսկույն հանդարտել, թեև դադարել էր մրրիկը։ Մրրկից հետո ևս դեռ բավական ժամանակ վազում են կատաղությամբ դեպի ծովեզրը փրփրած ու դեպի վեր ցից-ցից գագաթներով սուր անկյունավոր ալիքները, մինչև որ ծովի մրրկից ստացած ույժը թուլանա և ալիքների սուր և կոնոնաձև գագաթները ստանալով ավելի կամարաձևություն՝ մոտենան հորիզոնական մակերևույթին։ Բայց այս բանի համար հարկավոր է երկար միջոց, տիրացուն հանդիպեցավ Կոմսին, երբ նորա միտքը հասել էր խռովության