անկիրթ և անդաստիարակ, համարյա թե ապրում են միմիայն բուսական և շնչական կյանքով, իմացականի մասին գաղափար ևս չունին։ Կարդալ, գրել, ընդհանրապես չգիտեն, շատ չնչին բացառությամբ։ Յուրյանց տանից կամ յուրյանց բնակված քաղաքից դուրս աշխարհ կա՞, չկա, այդ մասին ևս չունին ոչինչ տեղեկություն։ Այսպես լինելով նոցա դրությունը, ի՛նչ զարմանք, որ մի տաղ կամ մի կանոնավոր երաժշտություն տեղ չգտանե նոցա սրտումը. ի՛նչ զարմանք, եթե սառն աչքով նայեն այդպիսի բանի վերա, առանց որևիցե գաղափար ունենալու ազատական արվեստների մասին։ Նոքա ինչո՛վ մեղավոր են, ո՛վ կրթեց ու դաստիարակեց նորանց, և նոքա յուրյանց անընդունակությամբ չլուսավորվեցան, կամ մնացին վայրենի հասկացողության վիճակի մեջ:[1] Կոմսը, յուր մի րոպե նեղանալը դատապարտեց իսկույն, աչքի տակ առնելով այս բոլորը։ Եթե այնքան ույժ և զորություն ունենար մարդկային բնավորությունը, որ յուր կրքի սանձը միշտ ամուր պահեր ձեռքում և ամենայն բանի վերա դատաստան կատարելու ժամանակ անտես չառներ այն հանգամանքները, որոնց մեջ գոյացել ու աճել էր դատաստանի տակ ընկած իրողությունը կամ անհատը, ապա ուրեմն, անտարակույս, հարյուրին յոթանասուն պիտի փոքրանար նեղսրտելու և բարկանալու պատճառների թիվը:
Վերջապես, օրիորդ Մարիամը ավարտեց յուր երգելը և ածելը, և վերստին լսելով Կոմս էմմանուելի գովեստը, շնորհակալ եղավ նորանից, կատարելով մի խորին րեվերանս:
— Տեսանենք,— ասաց Մահտեսի Թովմասը,— ի՛նչ ազդեցություն կը գործե այս տաղը պարոն Ցումի վերա:
306
- ↑ Ներկայումս փոքր ի շատե զգացել են հայք կանանց սեռի դաստիարակության կարոտությունը, և այս ու այն տեղ սկսել են երևել մասնավոր դպրոցներ օրիորդների համար։ Բայց որովհետև մի անկարգ ազգի ամենայն բանը անկարգ կը լինի, վասն որո և հայերը ևս չեն կամեցել դուրս մնալ այս կատեգորիայից։ Դպրոց պահողքը առհասարակ օտարազգիք են և հայ աղջիկները օտարի լեզվով պիտի լուսավորվին, որովհետև հայոց լեզուն հոտած է: Դատապարտելի ձգտողություն և անխել գործ: Լսեցեք, սիրաբան հայեր, սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով. այդպիսի դիպվածում, դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից, նոքա օտարի լեզվով դաստիարակվածք, անունով միայն կը լինին հայ. բայց ձեր թոռները գուցե այդ անունը ևս ավելորդ համարեն կրել յուրյանց վերա: Խելացի եղիք, և ձեր դպրոցների մեջ թող լսվի ձեր մայրենի, կենդանի և նվիրական խոսքը: Երանի՜ ձայնս տեղ հասաներ: