Այս էջը հաստատված է

թե ի՛նչ էր ասում նորա հանդեպ կանգնած մարդը: Այս օրենքը, բնական և բժշկական գիտութենների մեջ, հայտնի է անունովս անտագոնիսմոս (Antagonismus):

Երևի թե այս, կամ սորա նման մի օրենքի հիմքի վերա, կամ գուցե մի այլ բնական պատճառից, պարոն Հովնաթանյանցը, ամենևին զուրկ լինելով կրթութենից և դաստիարակութենից, շատ վարժ և հաջող կերպով սկսեց յուր առևտրական գործողությունքը։ Նա ձեռք էր զարկում գործերի նույն վստահությամբ, ինչ վստահությամբ հմուտ և վարժ որսորդը ուղղում է յուր հրացանը որսի վերա, հավաստի լինելով, որ շուտով պիտի գետին ընկնի որսը որսորդի օգտի համար։ Պարոն Հովնաթանյանցի բաղդից, ժամանակը ձեռնտու էր նորան, բաների կարգը ևս հաջողում էր... Մի քանի ժամանակից հետո սկսեց նա ձեռք զարկել մեծ-մեծ գործերի. սկսեց յուր վերա առնուլ զանազա տերութենական պաշարներ պատրաստելու պարտականությունք։

Ո՛ւր մնացին նորա նախկին պարոնը կամ ընկերակիցքը. նա սկսեց նայել նոցա վերա այնպես, ինչպես մի մարդ կը նայեր բարձր աշտարակից դեպի վայր, փոքր ինչ հառաջ, յուր հետ միասին մի հատակի վերա կանգնող մարդերի վերա։ Չար լեզուներ ասում էին... ի՛նչ ասում էին... ասում էին, թե... ինչե՛ր չեն ասում չար լեզուները... Առհասարակ պիտի իմանալ, որ այսպիսի գործողութենների մեջ մտանող մարդը, եթե հետևում է այն վարդապետության, թե նպատակը կը սրբե հնարը, ապա ուրեմն շատ հեշտությամբ կարող է կարճ ժամանակից միլիոնների մասին խոսք բանալ. ըստ որում, որքան քայլ, այնքան շահաստացություն: Բայց ճշմարիտը պիտո է ասել, ինչո՞ւ չէ պիտո օգուտ քաղել դիպվածներից, օգուտը գողություն չէ, հափշտակություն չէ, այլ հառաջ է բղխում գործերը օրինավոր և խելացի կերպով հառաջ վարելուց: Դնենք, թե ես պարտականություն էի առել իմ վերա տերության զորքի համար պատրաստել մի բան, ասենք թե կոշիկներ։ Եվ այսպես, ինձ հանձնած է երկու հարյուր հազար կոշիկ պատրաստել. յուրաքանչյուր կոշկի համար ես պիտի ստանամ, դնենք թե մի և կես մանեթ։ Բայց այն կոշիկը, որ ցույց էին տվել ինձ որպես գաղափար, որի նմանը ես պարտական էի հատուցանել կառավարությանը, ինձ նստելու էր մի մանեթ և մի քառորդ, և այս կերպով ամեն մի կոշիկից իմ ստանալին էր մի քառորդ, այսինքն է քսան և հինգ կոպեկ արծաթ. մի՞թե հիմարություն չէ լինելու իմ կողմից,


323