ինքյան մի հիմար հպարտություն, և ամենայն հասարակության մեջ կամենում էր խելացի մարդու պաշտոն վարել: Նորա ամեն մի քայլը, ամեն մի շարժվածքը հաշված ու համարած էին, որպեսզի, մի փրքր ծանրություն բարքի տալով ինքյան, գրավե տեսողների համարումը: Եվ նա սխալված չէր յուր հաշվում։ Հայոց ազդի մեջ դժվարին չէ ստանալ մեծարողական պատվանուններ, որովհետև նախ և հառաջ տվողքը չգիտեն յուրյանց արժանավորությունը. երկրորդ, այդ պատվանունների արժանավորությունքը: Հարկ չկա ասելու, որ այս ճանապարհով ստացածը լինում է բոլորովին անխորհուրդ:
Մեր պարոնը, մանավանդ խաժամուժ ամբոխի աչքերը ներկելու համար, ազգասիրություն էր ցույց տալիս այնպիսի տեղերում և դիպվածներում, ուր հարկ չկար յուր ցանկությունը իսկույն գործով ապացուցանելու։ Ի′նչ դժվար բան է խոսքերով միայն լինել ազգասեր և այսպիսի ամուլ շատախոսությամբ, առանց ամենայն զոհաբերության, տոնացուցի մեջ գրվելու արժանի համարվիլ... Մեր մեջ, ինչ ասես կարելի է: Պարոն Հովնաթանյանցը խոսում էր դպրոցների վերա և բերան սերտած բառերով հաստատում էր նոցա օգուտը, առանց ամենևին գաղափար ունենալու, թե ի՛նչ ասել է դպրոց, և թե ինչպես պիտի լիներ նա, որ լցուցաներ յուր խորհուրդը։ Պարոնը կը լիներ այսպես մոտ հիսուն տարեկան, միջահասակ, հաստափոր և ճաղատ ճակատով. նորա հոնքերի և ընչացքների սևությունը մանավանդ ավելի որոշակի հայտնի էր լինում նկատողին, որքան անասնական անհոգութենից ուռած թշերը կարմրում էին նորա անխորհուրդ երեսի վերա։
Եթե ինձանից հարցանեին, թե ո՛ր բանից մանավանդ՝ զզվում եմ աշխարհի երեսին, ապա պատասխանելու էի, թե մի երեսից, որ ոչինչ մարդկային բան չէր ցույց տալիս։ Երեսը արդարև հոգու պատկեր է. հոգու ամեն մի շարժվածքը ջլերի անբացատրելի միջնորդությամբ երևում են երեսի գծերի վերա։ Եվ երեսը, որ ոչինչ էր ցույց տալիս, վկայում է ոչնչությունը հոգու, որ նստած էր մի կազմվածքի մեջ։ Ես գերադասում եմ չքությունը, քան թե լինելությունը, եթե մարդը պիտո է լիներ ու ապրեր որպես մի լոկ բուսական կամ շնչական արարած։ Ես անգութ չեմ դեպի որևիցե արարած, բայց դորա փոխանակ հարգում եմ նորանց յուրյանց տեղում «մարդկային պատկերի տակ անասնությո՞ւն... կղկղա՛նք մարդկության: