Այս էջը հաստատված է

ընկած էր որպես մի շնչավոր և ձեռքերը տրորելով սկսեց ման գալ սենեկի մեջ զանազան ուղղությամբ, անհավասար քայլերով։

— Չէ, ասաց նա,— պիտի այս բանի առաջը առնուլ. անշուշտ վատ կը լինի սորա վերջը և կը խայտառակվի իմ տունը այս քաղաքի մեջ մինչ ի սպառ։ Ես շատ անբաղդ մարդ եմ,— շարունակեց նա,— անբաղդ, որպես եղբայր, անբաղդ, որպես ամուսին, անբաղդ, որպես հայր։ Եվ այս քանի տարու մեջ ի՛նչ բաներ անց կացան իմ գլխից. և այդ բոլոր անախորժութենների, վատահամբավութենների պատճառքը ո՛վքեր են. եղբայր, եղբոր կին, դստերք, փեսա, որդիք և վերջապես ամուսինս։ Ստո՛ւյգ է, որ ասում են, թե աշխարհի երեսին, ամենայն լավություն վճարվում է ապերախտությամբ։ Եղբայրս որ, եթե ես չլինեի պիտի ծառա լիներ ուրիշին, գլխավոր պատճառն է այս բոլոր բաների։ Նորա կինը, թեև գեղեցիկ հռչակված, սակայն իմ ընտանիքի համար դարձավ մի անախորժության անլուծանելի մակարդ։ Ո՛վ ճանապարհից հանեց իմ դուստրը, եթե ոչ նա. ո՛վ սովորեցուց նորան... ա՛հ, մտածելը անգամ դառն... իսկ որդիքս, որդիքս. ի՛նչ առնեմ, ո՛ւմ ասեմ, իմ երեսի կեղտը պիտի որ ես ինքս ծածկեմ օտարների աչքից...:

Մինչդեռ այսպիսի մտածմունքով ման էր գալիս նա տան մեջ, ներս մտավ ծառան և հայտնեց բժշկապետի գալը։ Պարոն Հովնաթանյանցը իսկույն ընդունեց մի պատվավոր դրություն և, աշխատելով մի փոքր գործունյա մարդու կերպարանք ցույց տալ բժշկապետին, հոնքերը մոտ քարշեց աչքերին։

Դուռը բացվեցավ, և բժշկապետը երևեցավ շեմքի վերա։

Սովորական ողջունատվութենից հետո, պարոն Հովնաթանյանցը հարց արեց.

— Ի՛նչպես գտաք։

— Չէ կարելի գովել,— պատասխանեց բժշկապետը։— Նորա հիվանդությունը խճճվում է վերահաս ախտավոր հայտնութեններով։ Քաջ գիտեք դուք, որ նա եղած չէ իմ բժշկական հոգաբարձության տակ յուր ամուսնութենից հառաջ. ես այն օրից տեսա ձեր դուստրը, երբ նա կարոտեցավ իմ մանկաբարձական օգնությանը։ Նորա, հառաջուց ունեցած, հիվանդության մասին այսքան միայն լսած եմ բժշկող պարոններից, թե հառաջանում էր արյունի անկարգ շրջանառութենից սեռական գործարաններում։ Ես ընդունում եմ հարգելի բժիշկների վկայությունը, որպես ստույգ իրողություն:

327