Այս էջը հաստատված է

Էիք հասանել այն պարոնի պաշտոնին։ Գուցե դուք ձեր ծանծաղամտությամբ երևակայում եք ձեզ մի նշանավոր մարդ, և ձեզ այդպես հավատացնում է ամբոխը ստորաքարշ մարդերի, որոնք աչքերը տնկել էին, որևիցե կերպով, օգուտ քաղել ձեր հարստութենից, բայց, իմ աչքում ամենևին զանազանություն չունիք այն ռամիկներից, որոնց վերա գոռում է ձեր արծաթը. արծաթն եմ ասում և ոչ դուք, որովհետև արծաթն է տալիս ձեզ այդպիսի տմարդի իրավունք, և առանց այդ արծաթին, պիտո է մինը լինեիք այն ռամիկներից, եթե ոչ ավելի վատթար. ըստ որում շատ ռամիկների սիրտ և հոգի այնքան ապականված չէ, ինչպես ձերը։

Կարծեմ թե ապացուցել էի ձեզ և ձեր ընկերակիցներին, թե տեղիք չունիմ ծակամուտ ճանապարհներով գործ կատարել, և իմ ասածը կամ գրածը ունիմ զորություն իմ ստորագրությամբ կնքելու, որին եթե վերստին մի նոր ապացուցի տեղ չկարողանա ծառայել այս նամակս, մի օր, երբ թեթևացած կը լինիմ գործերից,ցույց կտամ ձեզ ձեր անձը Հիշատակարանիս հայելու մեջ։

Ուրիշ կերպ չեմ կարող վերջացնել նամակս, եթե ոչ այս խոսքերով, թե դուք վշտացնելով իմ պատիվը, պարտական եք զղջաք և քավություն որոնել, այլապես ուրիշ տեսակ հաշիվ կունենաք իմ հետ և կըզղջաք ձեր համառության վերա։

Ողջ եղիք, ձեր անձը և բարքը փոխելու, այլև փոքր ինչ խելք ուսանելու համար, իսկ ես մնում եմ միշտ պատրաստ, որքան կարող եմ ձեզ օգտակար լինել։

Ձեր իրավասությունը մերժող
Կոմս էմմանուել,

— Առ քեզ խայտառակություն, — բացագանչեց պարոնը, ձեռքը միմյանց զարկելով: — Не было печали, черти накачали[1]— որ ասում է ռուսը, շատ հարմար է այս հանգամանքներին, որոնց մեջ ընկա.... Ստույգ է, որ ես ասել եմ քաջափայլ պարոնին, թե Կոմսն էր այն անստորագիր նամակի հեղինակը. բայց այդ իմ սեպհական կարծիքը չէր. ինձ այդպես հավատացուցել էին Մահտեսի Քուշարը և նորա երախտապարտ սանը։ Բայց արի տե՜ս, որ ներկայումս, Մահտեսին բոլորովին ազատ է Կոմսի հարձակմունքից, որ ուղղվում է միայն իմ ընդդեմ։ Ինչպես առնել, որ մի


22-162

337
  1. Մուկը ծակը չէր մտնում, ցախավելն էլ պոչից կապեցին (ռուս.) (խմր.)։