կերպ վերջացնեինք այս բանը.... Ինչ հիմար մտածությունք. Կոմսը ո՛վ է, որ Հովնաթանյանցը երկյուղ կրե նորանից. ի՛նչ պիտո է առնէ, որի՞ն է վախեցնում։ Ես այսուհետև ավելի զայրացած կը խոսիմ նորա վերա, և պատահած տեղը կաշխատեմ իսպառ խայտառակել նորա և՛ անունը և՛ անձը։ Լավ, ապա եթե այդ նզովյալը վեր կենա, և ինձ ևս ինչպես Բեգզադեին մատին փաթեթ շինե ու աշխարհին խայտառակե։ Դնենք թե ես չունիմ այնպիսի գործեր, որ կարողանային երկյուղ կրել Կոմսի հարձակմունքից. բայց ընտանի՞քս ի՛նչ առնեմ.... որ կարող է ծառայել Կոմսին առատ շտեմարանի տեղ....
Այս մտածությունքը ընդհատվեցան տիկին Հովնաթանյանցի ներս մտանելով մեր պարոնի առանձնատանը։
Հովնաթանյանցը, բոլորովին ամբոխված, ծածկեց նամակը, որովհետև սովոր էր նա մեծ մարդ ցույց տալ յուրյան, մանավանդ յուր ընտանիքի առաջև։ Այսպիսի խայտառակող մի նամակ կարող էր ցածացնել պարոն Հովնաթանյանցի պատիվը նորա ընտանիքի աչքում։
— Առավոտը ես դնում եմ ամարանոց,— ասաց տիկինը,— արդեն ժամանակ է. համարյա թե ամբողջ քաղաքը բնակվում է այժմ ամարանոցում, իսկ մեք փտում ենք այստեղ։ Ամենայն պատրաստություն տեսել եմ. կահ կարասիք բարձված են սայլերի վերա։ Դուք էգուց ձեր գործերի ավարտելուց հետո, 5 ժամուն կը գաք ամարանոց ճաշելու,— հավելացուց տիկինը:
— Ինչպե՞ս կարելի է,— պատասխանեց պարոն Հովնաթանյանցը. նախ որ ես դեռ որոշած չէի գնալու օրը, երկրորդ, գործերս դեռ չեմ ավարտել, երրորդ, դստերս հիվանդությունը....
— Առաջինը,— կտրեց խոսքը տիկին Հովնաթանյանցը շտապ խոսելով,— ընտանեկան բաների մեջ ներգործական է իմ ձայնը և վճիռը. երկրորդ, ձեր գործերը վերջ չունին. երրորդ, մեր դուստրը ամարանոցում ավելի հնար կունենա յուր ցավին դարման տանելու.... ես վճռել եմ և վերջացուցել եմ. էգուց գնում եմ, կամի՛ս. եկ, չկամիս՝ ինչպես գիտես։
Տիկին Հովնաթանյանցի ցավը չէր, որ մի երկու օր հետո տեղափոխվեին դեպի ամարանոց, բայց տիկինը այդ օրում ժամադրել էր ամարանոցում մի տեսություն....
Վերջին, վճռական խոսքերը ասելուց հետո, դուրս գնաց տիկինը։
338