Այս էջը հաստատված է

ձեռքում մի ահագին սկուտղ, որի վերա շատ հարմար էր շինել մի գինետուն և մի մատենադարան։ Այս սկուտղի վերա դրած էին երկու մեծ մատաղի կաթսաներ, մինը ղահվեով, իսկ մյուսը կաթնով լիք. Հռովմի սուրբ ջրի ավազանը ծառայում է այստեղ բաժակի փոխանակ, եգիպտոսյան մարմարոնյա դագաղներիդ մինը շաքարամանի փոխանակ, իսկ այն մեծ տակառը, որի մեջ անցուց յուր կյանքը Դիոգինեսը, լցված պաքսիմատներով և այլ հացեղենովք պատրաստ դրած էր ահագնատեսիլ դժոխքի թագավորի նախաճաշիկի համար: Սատանան հանեց դագաղից մի մեծ, ահագին շիպի կտոր, պատճառ, նա չէ գործածում ճակնդեղի կամ եղեգնաբույսի շաքար, ձգեց ավազանի մեջ, մի կաթսայից լցրեց, դարձյալ ավազանի մեջ, մաքուր արևելյան նավթ, որ գործ է ածուս ղահվեի տեղ, և մյուս կաթսայից հավելացուց նորա վերա ծծմբային թթվուտ, որ սովորական է կաթի տեղ գործածել դժոխքում. յուր ահագին սև թաթը կոխեց տակառի մեջ՝ մի քանի պաքսիմատ հանելու համար. բայց դժոխքումը և պաքսիմատները մեր պաքսիմատների նման չեն. մերը եփած է, իսկ դժոխքինը տպած։

Դժոխքի թագավորը խիստ սուր ճաշակ ունի. նա կուլ է տալիս անխնա յուր ղահվեի հետ մեր ողորմելի գրվածները, թե արձակ և թե ոտանավոր, հաստ, թե բարակ, զանազան ձևերով կազմած մեր մատենագրության հարստությունը, Պիլուարդի Աստվածաբանության հատորները, տրամաբանություններ, զանազան, ընդարձակ թե համառոտ հրահանգներ, դատարկ ճառեր, չոր քերականություններ, զանազան ուսումնական և փիլիսոփայական քննություններ, որոնցով ոչինչ քննված ու ապացուցված չէ, պատմություններ, որոնց մեջ ոչինչ չէ պարունակվում, ճարտասանություններ, որ ոչինչ չուսուցին, մանավանդ մեծ և մանր քերթվածներ, նկարագրական, պատմական, բարոյական, փիլիսոփայական, բանաստեղծական, ուսումնական, և այլն, և այլն, և այլն։

Բայց մի քանի ժամանակից սկսած, սատանան նկատեց արդեն, որ այս տեսակ պաքսիմատները և ուտելիքը, ծանրացնում են նորա ստամոքսը. այս պատճառով պաշտոնական հրովարտակով պատվիրեց տալ յուրյան նոր-նոր գրեր, հին և ամենախրթին ոճերով գրած, սպիտակ թղթերի վերա տպած, կետադրութենով ու պատկերներով զարդարած, ոսկեզօծ և փառավոր կաշով կազմած. սոքա համարվում են ավելի դյուրամարս և այնպես անվնաս սատանայի ստամոքսի և գլխի համար, որպես դատարկ և իստակ թղթերը, որոնց վերա ոչինչ

342