գրած կամ տպած չէին։ Այս տեսակ պաքսիմատներ պատվիրել էր նորան պալատական արհի բժիշկ, երևելի վարդապետ և վիրաբույժ Հիպոկրատեսը, որ աշխարհի երեսին հազարավոր մարդ սպանեց յուր բժշկական պատվերներով, որի համար ևս մարդիկ անվանեցին նորան հայր բժշկության, և սատանան ընդունեց նորան յուր մոտ պալատական արհի բժշկի պատվանունով։
Սատանան հանեց տակառից չորս հատոր բավական լավ կազմով գրքեր, որ համեղ էին երևում նորա աչքումը, թաթախեց յուր ղահվեի մեջ, դրեց բերանը և խածեց կեսը. երբ որ ծամել էր, իսկույն թթվեցավ նորա երեսը. Ո՞ւր է Անասնագլուխը,— գոռաց նա բարկացած։ Հանկարծ դևերի բազմության միջից դուրս պրծավ մի ոգի, միջակ հասակով, բավական լիքը, որ հագած էր մի հին ֆրակ երկայն, և խոնարհադեմ գլուխ տվեց սատանային, սա նորա ուսումնական գրապետն էր, որ հառաջ Նադիր Շահի մոտ երևելի լեզվագետի պաշտոն ուներ։ Այս դևը անգիր գիտեր բոլոր շարադրությունների անունները, կարող էր մանրամասն ասել բոլորի տպագրության տարին, միտքն էր պահում, թե ո՞ր գրքում, որքան երես կա. բայց այդ երեսների բովանդակությունը արհամարհում էր նա, որպես մի չնչին բան. սիրում էր միայն տպագրության սխալանքը, որ մեծ հաճությամբ կարգում էր և որ համարում էր միմիայն արժանավոր գործ մարդկային բանականության և արժանի հատուկ և մեծ ուշադրությունը։
— Անպիտան, ի՛նչ պաքսիմատներ ես ուղարկել ինձ,— ասաց սատանան բարկությամբ,— չոր են միանգամայն իբրև փայտ։
— Ձեր մռայլություն,— պատասխանեց վախեցած դևը,— լավը չկարողացա գտնել. իրավ է, շարադրությունքը բավական հին բաներ են, բայց դորա փոխանակ տեսեք ի՛նչպես տպած է, և դեռ նոր է դուրս եկել տպարանից։
— Քանի՞-քանի անգամ ասացի ես քեզ, որ չեմ սիրում վերըստին տաքացրած բաներ, և ասել եմ, որ տաս ինձ միայն թեթև բաներ է, որ մանավանդ ախորժելի և դյուրամարս էին, բայց դու չնայելով այդ պատվերներին, այլ կամակորված միանգամայն, տվեցիր ձեռքս չոր և անհամ բաներ....
— Մռայլագույն տեր, համարձակվում եմ հավատացնել ձեզ, որ դորա մեր ժամանակի շատ լավ և հարգելի գործերիցն են։
— Դոքա՞ են ձեր ժամանակի գործը, ուրեմն պիտի ասել, որ ձեր ժամանակը շատ հիմար է։