Այս էջը հաստատված է

ինչպես դողում է և թռչոտում է սնդիկը, եթե լցած մի դատարկ կաղինի մեջ ձգեիր եռացող ջրի մեջ։

— Ի՞նչ բանի վերա ես,— հարց արեց սատանան։

Այս հարցմունքին պատասխան չեկավ։ Սատանան առաջին անգամ նկատում էր մի այսպիսի լրբություն յուր գրականության դևի կողմից։

— Ի՞նչ ես շինում այդտեղ,— կրկնեց խավարի սարսափելի թագավորը այնպիսի ահագին ձայնով, որից սասանեցան դժոխքի պատերը։ Այս ձայնի վերա վեր թռավ նստած տեղից գրականության դևը, և այս շփոթության մեջ շրջեց թանաքամանը տետրակի վերա, որով ապականեց գրածի մեծ մասը։ Որքան տեղ մնացել էր մաքուր, նույնքանը դողդոջուն ձայնով սկսեց կարդալ.

— Կացցէ մնասցէ այս արձան յիշատակի երախտապարտու...

Գրականության դևը չկարողացավ հառաջ տանել յուր հռետորությունը, պատճառ, մի մեծ ամբոխ դևերի, դուրս պրծած դժոխքի աջ կողմից, խառն ի խուռն աղաղակով գալիս էին դեպի սատանայի գահը։ Նոցա մեջ երևում էր Լուկուլլոսը որ ինչպես ասացինք, տնտես էր տեր սատանայի մոտ։ Սատանան նկատելով Լուկուլլոսի դեմքի փոփոխությունը, իսկույն հարց արեց.

— Ի՞նչ լուր է այդ, ի՛նչ ամբոխ է, ի՛նչ խռովություն։

— Անբաղդություն, Ձեր մռայլություն. մեղավոր եմ, պատժեցեք, բայց և գթացե՛ք...

— Ի՛նչ բան է, ի՛նչ կա։

— Ձեզ հայտնի է, մռայլագույն սատանա, որ անցյալները Ձեր նախաճաշիկի համար բերել էին մի քանի նորատիպ պաքսիմատներ, որոնց մեջ Ձեր մռայլությունը շատ տտիպային նյութ տեսանելով թողել էր նորանց, ուտելու համար այն ժամանակ, երբ կը շատանար Ձեր ստամոքսում մոխրային.... սխալմամբ թե թշնամությամբ այդ պաքսիմատները ձգել են այն գինու ծովակի մեջ, որ Ձեր ամբողջ տարեկան պաշարն էր, այդ պաքսիմատների թթու և տտիպ նյութը խմորել է գինին և այնպիսի թունդ քացախ է դարձել, որ բերան է այրում... ճշմարի՛տ, կարծեմ դեռ քացախի թթվուտ է դարձել... Այժմ հոկտեմբերը վերջանում է համարյա, ամենայն տեղ գինիները վաճառված են, չգիտեմ, թե ի՞նչ կերպով կարողանամ գինի ճարել Ձեր մռայլության համար։

Սատանան թեպետ խիստ պահպանում էր ամենայն բանի կարգը յուր տերության մեջ և անխնա պատժում էր ամենայն

368