Այս էջը հաստատված է
ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Հայ մեծ հեղափոխական-դեմոկրատ, գրող, հրապարակախոս և քննադատ Միքայել Նալբանդյանի (1829—1866) կարճատև, բայց բազմակողմանի և բուռն գործունեությունը մի ամբողջ դարաշրջան է կազմում մեր ժողովրդի պատմության, նրա գրականության և մշակույթի տարեգրության մեջ: Լինելով իր ժամանակի հայ ամենաառաջադեմ մտածողն ու գործիչը, հարազատ ժողովրդի պատմական բախտը կապելով ռուսական և համաեվրոպական հեղափոխական շարժման հետ, Մ. Նալբանդյանը դարձավ հայ ազատագրական գաղափարախոսության խոշորագույն դեմքերից մեկը, սոցիալ-դեմոկրատիայի անմիջական նախորդը մեր իրականության մեջ: Սրանով է պայմանավորված հաջորդ սերունդների չմարող հետաքրքրությունը Միքայել Նալբանդյանի անձնավորության և գրական ժառանգության նկատմամբ:

Նալբանդյանն իր կենդանության օրոք հասարակական-քաղաքական բուռն գործունեության, գրաքննադատական խստությունների, ապա բանտարկության ու վաղաժամ մահվան պատճառով հնարավորություն չի ունեցել իր երկերը ի մի հավաքել և հրատարակել հատորներով: Առանձին գրքերով նրա հրատարակած երկերը նույնպես սակավաթիվ են, ընդամենը հինգ անուն, որոնցից երկուսը՝ «Երկու տող» (1861) և «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» (1862) աշխատությունները, լույս են տեսել արտասահմանում (Փարիզ, Ճանիկ Արամյանի տպարան), և նրանց մուտքը Ռուսաստան արգելված էր: Երրորդը' «Մինին խոսք, մյուսին հարսն» վիպակը, տպագրված լինելով հանդերձ (Մոսկվա, 1858), հեղինակի կամքով լույս աշխարհ չի հանվել: Մյուս երկուսը թարգմանություններ են՝ ֆրանսիացի գրողներ էժեն Սյուի «Թափառական հրեա» վեպը (հատոր առաջին, Մոսկվա, 1857) և Կլեմանս

5