Թե չես լսել մինչ հիմա,
Ապա վեր առ և կարդա։
Իսկ այն մասին, թե նրան
Սիրե Ադամն պիտ մաքուր
Եվ մեղկ կրքին՝ սիրտը նա
Չըդարձնե կերակուր.
«Ինչո՞ւ տալիս էր պատվեր,—
Ադամն ասում է հուզյալ,—
Միթե միշտ չե՞մ խոստացել
Սիրել սիրով կատարյալ՝
Աստծուն և այն ամեն բան,
Որոնց ինքն է հեղինակ
Եվ սկիզբը գոյության.
Ուխտիս ես չեմ հակառակ»։
Եվ սերովբեն, որ գիտեր
Մարդու սրտի շինվածքը,
Եվ ամեն ինչ տեսնում էր
Նրա անվրեպ սուր աչքը՝
Դողդողում էր երդումից
Եվ ակնարկում Ադամին՝
Խնդրել ներումն նորից՝
Երդման համար դժվարին։
«Գնա՛, կորի՛ր, սերովբե,
Խոսքերդ անցնում են չափից,
Եվ ինչո՞ւ չես հեռանում,
Անզգա՞ ես կարծում ինձ.
Ես խառնվո՞ւմ եմ ձեր գործին,
Լսե՞լ եք մի խոսք ինձնից,
Թե՞ ասելիք չունեք
Ձեր անկայուն բարքերից»։
Եվ նա սաստում է այսպես
Խոժոռադեմ՝ հրեշտակին,
Որ խրատված խստապես՝
Դառնում է իր կրընկին.
Արտասվելով վշտագին
Թռչում իսկույն, հեռանում,
Իսկ հարսնաբերն Եվային
Ադամի մոտն է բերում։
Նախահայրը սիրավետ
Պինդ գրկում է իր էգին,
Սիրախառնվում նրա հետ
Ու վեր ճախրում միասին։
Հեշտանքներից սըրարբած
Ասում է նա տարփագին.
«Օ՜, չե՛մ երբեք ուխտազանց,