ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈԻՆՆԵՐ
Միքայել Նալբանդյանի պոեզիան նրա ողջ ստեղծագործության անբաժանելի մասն է, նույնքան ինքնատիպ, որքան նրա անհատականությունը և նույնքան հարուստ, որքան տաղանդը։ Զարգացնելով Աբովյանի հայրենասիրական և ազատասիրական գաղափարները, նա դրանք բարձրաքնում է նոր աստիճանի, սերտորեն կապում վաթսունական թվականների հեղափոխական գաղափարաբանությանը։ Շատ կողմերով է այն մոտ ու հարազատ նույն շրջանի ռուսական պոեզիային, բայց առավել մոտ է իր քաղաքացիական պաթոսով, իր ընդհանուր նկարագրով, դա քաղաքական պոեզիա է, բովանդակակիր պոեզիա։ Այդ գրականության քնարական հերոսը ոչ թե հայեցողն է, այլ մարտնչողը։ Նրա խոհական ոտանավորներն անգամ տոգորված են բեղմնավոր մտածողությամբ, վերաբերում են մարդու կոչմանը, նրա քաղաքական դավանանքին։ Նալբանդյանի այնպիսի չափածո գործեր, ինչպիսիք են «Մանկության օրեր», «Իտալացի աղջկա երգը», «Ազատություն»,— վաթսունական թվականների բանաստեղծական ամենափայլուն արտադրանքներից են։ Այդ գործերը համաժողովրդական և համազգային ճանաչում են ստանում, հռչակում հեղինակին։
Նալբանդյանը բավական վաղ է տպագրվում, քսան տարեկան հասակից, և այդ՝ շնորհիվ իր ուսուցիչ Գաբրիել Պատկանյանի, որ աքսորված լինելով Թիֆլիս, այստեղ 1850 թվականի հունվարից սկսում է հրատարակել «Արարատ» պարբերականը։ «Ժամանակ», «Մի այլ յաստեղս լուսաճաճանչս Ուրանիա սիգասցի՜», «Հիմարաց՝ ուսման վրա ունեցած կարծիքը», «Հերքումն յիմարական կարծեաց, զոր անմիտք ունին ի վերայ ուսման» ոտանավորները Նալբանդյանի երախայրիքն են, նրա առաջին տպագրված գործերը։ Բանաստեղծի այդ անդրանիկ երկերի ձեռագրերը չեն պահպանված, ուստի դժվար է ճշտել դրանց գրության ժամանակը։ Նալբանդյանի գրական գործունեության սկզբնական շրջանի մասին պահպանված գրավոր հիշատակություններից երևում է, որ նա գրել սկսել է շատ վաղ՝ գրեթե պատանեկան հասակից: Ինչպես նրա բարեկամ և կենսագիր Միքայել Տեր-Գրիգորյանն է հիշատակում, Գաբրիել Պատկանյանը տակավին դպրոցում է նկատում իր սանի բանաստեղծական քանքարը։ «Քահանան, տեսնելով իր աշակերտի աշխույժ բնավորությունը, սրամտությունը, ուշիմությունը և բանաստեղծական հարմարությունքը, առանձին ուշ դարձուց նորա վերա և ամենայն ջերմեռանդությամբ ու սիրով պարապեցավ հետը» («Ղազար Փարպեցու գրած թուղթը», թարգմանություն և բացատրությունը Մ. Նալբանդյանց, Ս. Պետերբուրգ, 1868, էջ 71): Ինչպես ասվեց, Նալբանդյանի առաջին բանաստեղծություններից վերոհիշյալ չորսը հրապարակում է Պատկանյանը։ Նրա ձեռագիր «Հիշատակարանից» տեղեկանում