Այս էջը հաստատված է

բնականաբար, չի հետաքրքրում այն, թե, խստորեն դատած, ո՞րքան հաջող է կատարված այդ լրացումը, օրգանակա՞ն է, թե՞ ոչ, ուժեղացե՞լ է դրանով բանաստեղծությունը, թե՞ ընդհակառակը։ Այս հարցը լուսավորիչ Նալբանդյանին չէր էլ կարող հետաքրքրել։ Բայց հենց այդ լրացումը իրավունք է տալիս ասելու, որ մեր հեղինակը բնավ էլ զարկ չէ եղել բանաստեղծական քանքարից և առանց դժվարության կարողացել է ամբողջական մի գործ տալ, գոնե այն չափով ամբողջական, որ անծանոթ ընթերցողը երբեք այդ գործը երկու հեղինակի (այն էլ տարբեր ազգության պատկանող) չի վերագրի։

Այս կարգի մի ոտանավոր է նաև «Բանաստեղծը», որ հեղինակը համարել է նմանություն։ Աղբյուրն է Պուշկինի «Поэт» բանաստեղծությունը։ Վերցնելով դրա հիմքում ընկած գաղափարը, Նալբանդյանը փաստորեն տվել է նոր գործ (այդ է ասում մանավանդ վերջին տունը), մի գործ, որ մոտ ու հարազատ է վերը նշված բանաստեղծությանը, բայց նույնը չէ։

Փոխառության այս երևույթը նկատում ենք նաև նրա արձակ գործերում։ Ինչպես ցույց է տրված «Սատանայի պաշտոնական մեծ հանդեսի» ներածական հոդվածում, այդ երկի շատ հատվածներ ու տողեր պատկանում են Նալբանդյանի գրչին, իսկ վերջին երկու գլուխն արդեն ամբողջովին նրանն է։ Բացի դրանից, էլ ավելի զգալի է այն փոփոխությունը, որին ենթարկվել է երկը գաղափարական տեսակետից։

Այսպիսով՝ ակնհայտ է, որ Նալբանդյանի թարգմանությունները ըստ էության փոխադրություններ են, իսկ նրա փոխադրությունները՝ նմանությամբ գրված գործեր։ Ինչ վերաբերում է մնացած բանաստեղծություններին, որոնք և կազմում են նրա բանաստեղծական մտածողության հաստատուն մասը, ապա դրանք, ինչպես վերն ասվեց, անվերապահորեն ինքնուրույն գործեր են։ Եվ եթե ընթերցողը սույն ծանոթություններում կհանդիպի մեծ մասամբ ենթադրության վրա հիմնված այնպիսի հիշատակումների, թե նրա «Իտալացի աղջկա երգի» համար ստեղծագործական խթան է հանդիսացել Մերկանտինիի «Սապրիի հասկահավաքը» կամ «Կնդուկ պոչատի և նորա Սանչոյի մկրտությունը» ոտանավորի համար՝ Ստ. Ոսկանի «Գաբրիկը», կամ թե՝ «Հիմարաց՝ ուսման վրա ունեցած կարծիքը» երգիծական բանաստեղծության համար՝ Ա. Կանտեմիրի առաջին սատիրան և այլն, ապա չպետք է դրանց ավելի նշանակություն տալ, քան նրանք ունեն։ Այդ և նման կարգի փաստերը ամենափոքր չափով անգամ չեն կարող ստվեր գցել Նալբանդյանի ինքնուրույնության վրա։

ԺԱՄԱՆԱԿ

(էջ 15)

Առաջին անգամ տպագրվել է Պատկանյանի «Արարատի» 1851 թվականի № 20-ում, «Միքայէլ Նալբանդեանց, յաշակերտութենէ տեառն Գաբ. Պատկանեանի Նոր Նախիջևան» ստորագրությամբ։

52 Խոսքը վերաբերում է Գագիկ Բ Բագրատունի թագավորին (1042—1045):

425