Այս էջը հաստատված է

(Բոստոն, 1910) և «Հայրենասերի տաղեր» խորագրով բանաստեղծությունների մի փոքրիկ ժողովածու (ժնև, 1903): Վերջապես մեծ հեղափոխականի ծննդավայրում, բանասեր Աբրահամ Զամինյանի խմբագրությամբ (նաև՝ կենսագրական տեսությամբ) լույս է տեսնում Նալբանդյանի երկերի աոաջին ընդարձակ հավաքածուն երկու հատորով (Դոնի Ռոստով, 1903—1906 թվականներ), ուր ընդգրկված են հեղինակի գրեթե բոլոր գեղարվեստական երկերը, «Հիշատակարանը», «Երկու տող» և «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունները և հրապարակախոսական հոդվածների մի փոքր մասը, ընդհանուր թվով 55 երկ: Այս հրատարակությամբ թեպետև պարբերական մամուլի էջերից ի մի էր հավաքվում Նալբանդյանի գրական-հրապարակախոսական երկերի մի պատկառելի մասը, սակայն հայ մեծ գրողի ու մտածողի շատ ստեղծագործություններ և նամակներ վերստին մնում էին կամ միայն անունով հայտնի և կամ էլ՝ կորած ու մոռացված:

Սովետական իշխանության տարիներին նալբանադյանագիտությունը թևակոխեց իր նոր, բարձր փուլը, երբ ոչ միայն նորովի լուսաբանվեցին ու գնահատվեցին Նալբանդյանի գրական-հրապարակախոսական ժառանգությունը ու հեղափոխական գործունեությունը, այլև լայն ծավալով շարունակվեց նրա կորած երկերի ու նամակների որոնումը: Երվանդ Շահազիզի եռանդուն պրպտումների շնորհիվ 1920—30-ական թվականներին հրապարակ հանվեցին Նայբանդյանի մի շարք նոր նամակներ և նրա մասին կարևոր վավերագրեր ու հուշագրություններ, որոնք այնուհետև ամփոփվեցին «Դիվան Միքայել Նալբանդյանի» արժեքավոր հատորում (Երևան, 1932), պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը հանրության սեփականությունը դարձրեց իր երկարամյա հետախուզումների արդյունքը՝ Միքայել Նալբանդյանի «Անտիպ երկերը» ստվար հատորը (Երևան — Մոսկվա, 1935), ուր առաջին անգամ հանգամանալից մեկնաբանությամբ լույս էին տեսնում մեծ գրողի ու մտածողի «Ну, хорошо!» երգիծական բանաստեղծությունը, «Հայոց լեզվի ուսումնասիրությունը Եվրոպայում և հայ գրականության գիտական նշանակությունը» թեկնածուական դիսերտացիայի և «Պոլսահայ լուսավորչական համայնքը» պատմական տեսության ռուսերեն բնագրերը ու հայերեն թարգմանությունները, «Կրիտիկա «Սոս և Վարդիթեր» ազգային վիպասանության» երկի պահնորդական բաժանմունքից

7