Այս էջը հաստատված է

թե կանուխ է դեռևս կարգին օրինավոր և վավերական հաստատություն խնդրել։ Նա երկու հզոր թշնամի ուներ Հռովմի մեջ՝ Կարաֆֆա կարդինալը (առաջվա Վենետկի եպիսկոպոսը) և Պետրոս Օրտիցը, այն երևելի աստվածաբանը, որի հետ Իգնատիոսը լավ չէր, մինչդեռ Փարիզումն էր համալսարանի մեջ։ Այսուամենայնիվ, այս ճանապարհորդությունը կատարելու համար, անպաճառ հարկավոր էր պապի օրհնությունը և մանավանդ ողորմությունը․ պատճառ, Իգնատիոսը և նորա ընկերքը ոչինչ չունեին։ Այս խորհրդով նա յուր աշակերտներին ուղարկեց Հռովմ, իսկ ինքը միայն մնաց Վենետկում։ Ֆաբեր և Կսավիե, պապական աշխարհի մայրաքաղաքը հասանելուց հետո, ողջից հառաջ գնացին Օրտիցի մոտ և կարողացան շրջել նորանց, որ տվեց յուր օրհնությունը և ճանապարհի համար հիսուն դուկատ։ Բացի դորանից, նա թույլ տվեց նոցա միջից նորանց, որոնք չունեին դեռ քահանայական կարգը ձեռնադրվել քահանա ո՛ր եպիսկոպոսից և կամենան։ Իգնատիոսի աշակերտքը, շատ շնորհակալ մնալով պապի մարդասեր ընդունելությունից, ստանալով նորա օրհնությունը և երկու հարյուր դուկատը, որ հավաքված էր Հռովմում սպանիացի վաճառականներից, վերադարձան Վենետիկ, ուր պապական դեսպանի առաջև ուխտեցին կամավոր աղքատության և ողջախոհության ուխտը: Նոքա, քահանա ձեռնադրելով Արդենյան եպիսկոպոսից պահքով ու աղոթքով, բնակվում էին Վենետիկ քաղաքի մեջ, քարոզում էին ժողովրդին բարքի սրբություն և ապաշխարություն: Այդպիսի կյանքը սիրելի դարձավ Իգնատիոսին. նա դիպված էր որոնում, որ կարողանա յուր առաջվա ուխտիցը, այսինքն Երուսաղեմ գնալուց ետ կենալ: Այս դիպվածը շուտով պատահեցավ: Փուրթուգալիայի և Վենետկի մեջ պատերազմ բացվեցավ, որով ծովային ճանապարհորդությունը շատ վտանգավոր դարձավ: Այն ժամանակ Իգնատիոսը հավաքեց յուր ընկերքը և հայտնեց նորանց, թե աստված ուրիշ բանի համար չէ բորբոքել այս պատերազմը, եթե ոչ նոցա նախկին մտադրությունքը խանգարելու և նոր նպատակին ձեռք զարկելու համար, որ երկյուղ էր կրում և ալեկոծության մեջ էր Լուտերի վերանորոգութենից։ Բոլոր ժողովը հավանեց այս կարծիքին և դատողությանը, և վճռեց, որ Իգնատիոսը, Ֆաբեր և Լայենեզը գնան Հռովմ ընկնեն պապի ոտքերը և մատուցանեն նորան յուրանց ծառայությունը․ իսկ մնացյալ ընկերքը ցրվին Իտալիայի բոլոր անկյունները աշակերտ ճարելու համար։

101