չդնելով նոցա մեղքերը, որչափ և մեծ լինեին սոքա։ Ունկնդիրները երկար փորձվելուց հետո անցանում էին գովասանյալ աշակերտների կարգը, որոնք կամ ուսուցանում էին դպրոցների մեջ կամ դեռևս ուսանում էին ինքյանք։ Նոցա դեռ հայտնի չէր, թե ի՞նչ կամ ո՞ր աստիճանակարգի մեջ պիտո է մնային, պատճառ, այդ բանը գեներալի կամքիցն էր կախվում, որի կամքը էր և հասարակաց կամք․ հասարակության անդամները տեր չէին յուրյանց մարդկային ազատ կամքին։ Գեներալը կարո՛ղ էր նվիրել (օրհնել) նորանց ուխտապահ չորս ուխտերին, որոնց հայտնի էին կարգի բոլոր գաղտնիքը, կամ շինել նորանցից աշխարհական ժողովողներ, որոնք կատարում էին ամենաստոր պաշտոններ։ Երրորդ աստիճանակարգը բաղկանում էր ժողովողներից․ այս աստիճանին կարելի էր հասանել և չլինելով գովանի աշակերտ․ նույնպես կարելի էր ուխտապահ լինել ժողովող չեղած․ այս տնօրինությունը, ինչպես վերևումը ասացի, կախվում էր գեներալից, որ, հարմարվելով կարգի հարկավորութեններին, տնօրինում էր։ Նվիրյալների ընդունակությունքը ևս շատ բան էին նշանակում այս տնօրինության ժամանակ: Ժողովողները բաժանվում էին-հոգևորական և աշխարհական: Առաջիններից պահանջվում էր լավ կրթություն, պատճառ, նոքա քահանայք էին և դպրոցների մեջ ուսուցիչք, նույնպես աննշան մարդերի համար նոցանից էին նշանակվում խոստովանահարք. աշխարհական ժողովողները կոլլեգիումների և ուխտապահների տներում կատարում էին ամենացած պաշտոններ և չէին կարող քահանայանալ: Ժողովողները հրաժարվում էին յուրյանց սեփականութենից, որ ընծայում էին կարգին, այսինքն հիսուսյան եկեղեցիներուն և կոլլեգիումներուն. իս ինքյանք պիտո է ապրեին մուրալով. բայց թե գտանվեին կոլլեգիումներում և նորընծայական տներում, այն ժամանակ ստանում էին նոքա յուրյանց ապրուստ այս շինվածքների եկամուտից: Ժողովողների ուխտը կատարվում էր հրապարակավ, բայց ո՛չ հանդեսով. նոցա խոստմունքը այս էին. ողջախոհություն, աղքատություն և կույր հնազանդություն դեպի գեներալի կամքը: Ժողովողների և չորս ուխտերի ուխտապահների մեջ կար մի այլ միջին աստիճանակարգ. «Ուխտապահք որոք ուխտերի»: Կանոնադրության մեջ այս մասին ոչինչ չէ հիշվում, թե ի՞նչ խորհրդով է կարգած: Երեք ուխտերի ուխտապահքը զանազանվում էին ժողովողներից նորանով, որ չէին կարող քահանայանալ կամ վարժապետ լինել և նորանց ուխտապահական երդումը չէր լինում հրապարակով, թեև մի կերպ հանդիսավեհությամբ: Հիմնվելով այս բանի վերա, ֆրանսիացի գեներալ պրոկու
116