Այս էջը հաստատված է

վերադարձած դորպատյան ճոխ և պայծառ համալսարանից, աշխատում էր, որքան հնար ուներ, վառել հայերի սրտի մեջ լուսավորության և ուսման եռանդը, որով, ինչպես ամենայն ազնվամիտ, բանագետ մարդ, հույս ուներ ջերմացնել այն սառնությունը և պաղությունը, որով պաղած էին հայերը առհասարակ։ Հանգուցյալը քանի մի տարի ուսանելով հիշյալ Ապովյանի մոտ, հայերեն, ռուսերեն, գերմաներեն և թվաբանություն, և մեծ հույսեր տալով յուր ապագա հառաջադիմութենից,

ինչպես որ մյուս հայազգի պատանյակքը, որոց մինն էր այս բառերի գրողը, աշխատում էր օր ու ցերեկ գլուխ ջարդելով Չամչյանի քերականության, Ադոնց Ստեփանոսի ճարտասանության և Թեսավրոսի վերա։ Պողոս վարդապետը կարող էր միայն մեքենաբար ուսուցանել, առանց կենդանացնելու յուր դասատվությունքը հին, մեռյալ հայկաբանության մասին, որ միայնակ ուսանելիքն էր նորա երկաթի վարժապետական գավազանի տակ. և պիտո է ասել, որ այդ վարժապետը ավելի ծեծ, քան թե ուսումն է տվել յուր աշակերտներին, այսպես էր այն ժամանակի հայկական ուսումն, և այս բանի մեջ մեղավոր չէ Պողոս վարդապետը, այլ նորա կոպիտ և խավար ժամանակը, և անցած օրերը չափել ու կշռել մեր այժմյան — փառք աստուծո—հառաջադեմ և բանական օրերի կշռով, իհարկե, անտեղի բան է։ 1823 թվականին Ներսիսյան դպրոցը բացվելով և Մոսկվայից հրավիրված Հարություն Ալամդարյանց քահանայի գործակցությամբ փոխվելով հայոց զավակների դաստիարակության եղանակը Թիֆլիզի մեջ, պարոն Ապովյանը և նորա աշակերտակիցքս տեղափոխվեցանք նորաշեն ուսումնարանի մեջ, ուր բացի մի կտոր հայերենից կարելի էր ուսանել փոքր ի շատե ռուսերեն, պարսկերեն, վերջումը և ֆրանսերեն, երբ որ Հակոբ Շահանյան Ջրպետը հոգաբարձությամբ Ներսես վիճակավոր արքեպիսկոպոսի բերել էր տրված Փարիզից։ Ապովյանը ուսանելով այստեղ մինչև 1828 թ. և լինելով չափահաս աշակերտներից մեկը գուցե և ավելի մտախոհը յուր ընկերների մեջ, նշանավոր էր մանավանդ թե յուր շատ զորավոր հիշողությամբ։ Ապովյանը մի մեծ ուսումն դուրս չտարավ Ներսիսյան ուսումնարանից (ինչպես ոչ ոք մեզանից), և անկարելի էր այդ բանը այն վայրիվերո, չքավոր ուսումնատվության մեջ. բայց պիտո է ասել արդարությամբ, որ մի քանի կենդանի սերմեր, մի ազնիվ ձգտողություն դեպի ուսումն հառաջացան այդ ուսումնարանից մի քանի մասնավորների մեջ։ Եվ Ապովյանը հրաժարվելով Թիֆլիզից դեպի էջմիածին, տարավ յուր սրտի մեջ մի վառ ուսումնասիրության կրակ․ ինչքան սակավ կարողացել էր ուսումնարանը տալ նորան, այնքան ևս կարոտ ու սոված սրտով դուրս գնաց նա։ Խորհրդավո՛ր դրություն։ Ապովյանի ուսումնասիրության կրակը շուտով կշիջաներ արդարև, եթե մնացած լիներ ասիական խեղդանյությա ատմոսֆերայի (оդապատի) մեջ. բայց նորա բախտը այլապես էր կամեցած։ Եվ Ապովյանը քնած չմնաց, երբ որ բախտը եկել էր զարկելու նորա դուռը: Դորպատյան համալսարանի ուսուցչապետ Պարրոտի գալուստը Հայաստան 1829 թվականին, բացի նորա ուսումնական ճանապարհորդության նպատակից, որ էր քննել և հայտնի կացուցանել Մասիս սարի որպիսությունքը և գիտության արժանի հատկությունքը, շատ արժանահիշատակ իրողություն էր, եթե միտ դնենք դորա հետևանքներին մեր հայոց լուսավորության համար։ Պարրոտը լինելով էջմիածնի հողի վերա, ծանոթանում է Ապովյանի հետ և նկատելով նորա խոհականությունը, ընտրում է նորան որպես հայ տեղացի, յուր դեպի Մասիս սարի կատարը բարձրանալու ճանապար

184