քան հեռի գնալ մեզ, թող ուշադրությամբ քննենք մեզ առավել մոտ հյուսիսային Գերմանիայի դաշտավայրը նորա ահագին ավազակույտերովը, այն սաթի կտորներովը գետնի մեջ, որ մի ժամանակ պիտո է ջրհեղեղով միայն գոյացած լիներ. և այսպես՝ իմանում ենք հայտնապես, որ մի անգամ երկար ժամանակ պիտո է աղի ծովաջուրը ողողած լիներ դորան, մինչև, հետզհետե հատակը բարձրանալով, ետ են քարշվել ջրերը։ Բայց եթե կամենայինք մեր երկրամարմնի մակերևութի բոլոր խորհուրդները մանրամասնաբար քննել, եթե կամենայինք նորա կերպարանագործությունը մի ըստ միոջե նկարագրել և ուշադրության արժանի բաները բովանդակապես հառաջ բերել այստեղ, այնուհետև շատ կմեծանար ճառը, և կձանձրանային մեր ընթերցողքը։ Ուրեմն, թո՛ղ մի բան մեջ բերենք այստեղ, փոքրովը գրգռելու նոցա հարցասիրությունը դեպի առավելը, որ և հետո լցուցանելու միջոց կունենանք։ Այս պատճառով մեր բնազննական ճառի մեջ, ուր նկատում ենք աշխարհի քանի մի հրաշքները, տանենք ընթերցողը մի հրաբուխ սարի մոտ, այսինքն է Հեկլա՝ Իսլանդիա կղզու վերա։ Վուլկան կամ հրաբուխ սար ասելով հասկանում ենք մեք ամենայն փողովակ, որ պահպանում է մի անընդհատ հաղորդակցություն երկրի ներսի հետ, որ և յուր ներգործությունը հայտնի է կացուցանում զանազան հրեղեն, ցամաք և հեղհեղուկ մարմիններ դուրս արձակելով։ Երկրի վերա հայտնի են ավելի քան թե 300 վուլկաններ, և հատկապես միջին Ամերիկան, որպես և Զունդա կղզիքը առավելապես ճոխ են այդպիսիններով: Վերոհիշյալ վուլկանը եվրոպական է, զտանվելով մի կղզու վերա, որի ներսը, ինչպես երևում է, միշտ խառնակության մեջ է ստորերկրյա կրակի երեսից. այլև նորա բոլոր կերպարանքը ամենայն տեղ ցուցանում է մեծ վուլկանական ներգործականության հետքեր։ Հեկլայի ամենաբարձր կատարը նստած է երկու մյուսերի մեջ և ունի մի ձյունալից գոգավորություն, որ նորա վաղեմի բերանն է։ Նորա կատարը բաղկանում է կղկղանքներից, կողքից կան շատ բացվածներ, որոնց միջից, ինչպես երևում է, հին ժամանակներում բխում էր լավա։ Այս սարի առավել սաստիկ արտահոսանքից մինը պատահեցավ 1755 թվականին, այս տարու հոկտեմբերի 17-ումը, առավոտու 10 ժամին նկատեցին մի մերձակա տեղում քանի մի երկրաշարժությունք, որոնցից վնասվեցան տները։ Շուտով, երեք առաջքից դուրս թափվեցավ ջուր սարիցը և հեղեղեց բոլոր շրջակա սահմանը, հինգ մղոն երկայնու
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/221
Այս էջը հաստատված է
221