Այս էջը հաստատված է

գել յուր մարգարեական ազդու և ուժգին խոսքերովը, այլ միայն զարթուցանել քնից մեր թմրած ժողովուրդը, բարձրացնել նորան և ցուցանել այն ճանապարհը, որ պիտո էր մեզ գնալ, այսինքն՝ թողնելով, վերջապես, ասիական ատելի խավարը և ոտք կոխել այն սահմանի վերա, ուր փայլում է եվրոպական լուսավորությունը։ Ցավելով տեսանում եմ, որ հիշյալ լրագրի հրատարակողը կույր գործիք է օտար մարդերի ձեռքում և խոսող բերան մի ծածուկ դարանագործ հասարակության կողմից, որի ճակատի վերա պիտո էր զարկել մի այսպիսի կնիք. Ընկերություն խավարապաշտների, Общество обскурантов։ Դա իմ սխոլաստիկ ասելը մի քանի պարոնների հանցանք է համարում, բայց ես այդ պարոնները դեռևս ներողամտությամբ անվանել եմ սխոլաստիկ, որովհետև սխոլաստիկ ասած մարդը փոքր ի շատե բան գիտե, իսկ այն ուսումնականքը, որոնց վերա ակնարկում էի ես, բացի մի կտոր լոկ հայերենից ոչինչ չգիտեն, այո՛, ունին մի կոշտ և անմիտ մոլեկրոնություն, որով կարող էին և մոլորեցնել անմեղ ժողովուրդը, կարծիքներ տարածելով, որպես թե այս և այն ոք հայերից լութերականություն է քարոզում և այլն և այլն։ Բայց այդ եղկելիքը ոչ լութերականության են տեղյակ, ոչ գրիգորականության և ոչ ևս քրիստոնեական կրոնին առհասարակ. պատճառ, դոցա համար կրոն ասացյալը մի քանի այսպիսի և այնպիսի ծեսեր ու արարողությունք էին. եթե այդպես չլիներ, ուրեմն՝ պիտո է ամաչեին մինին լութերական, մյուսին գրիգորյան կոչելուց, որովհետև ոչ ոք աշխարհի երեսին չէ մկրտվում Լութերի կամ Գրիգորի, այլ միայն Քրիստոսի անունով, և մկրտվածքը Քրիստոսի անունով մեք ճանաչում ենք ոչ լութերականք և ոչ գրիգորյանք, այլ քրիստոսյանք։ Մեղուի հրատարակողը, որպես քահանա, մի քանի խոսքեր սուրբ գրքից վկայություն բերելով յուր համար, կարծում է հաստատել յուր իրավասության իրավունքը մատենագիր մարդերի վերա, առանց մտածելու, թե դպրության հանդիսում նորա քահանա լինելը կամ չլինելը ոչինչ խորհուրդ չունի, և ամենայն մարդ, որի գլխի մեջ ուղեղ կա, կարդալով նորա հանդուգն և անտեղի խոսքերը, եզրափակում է իսկույն, որ այդ մարդը յուր վիժածը գրելու միջոցին գտանվել է մի մռայլ ու խավար հոգու թունավոր ազդեցության տակ։ Զուր է հանդես գալիս նա որպես քահանա. ոչինչ օգտել չունի նորան յուր քահանայությունը ուսումնականության մեջ. այդ տեսակ գաղափարները վերացած են աշխարհի երեսից դժոխային ինկվիզիցիոյի հետ միասին. մեք ներգործում ենք որպես մատենագիր և ամենայն մատենագրի հետ կարող ենք գործ ունենալ առանց միտ գնելու նորա պատահական գրությանը և

226