ստրկության մեջ, եկեղեցական իշխանության չարաչար գործադրությամբը, հանդես էր հանում Ավետարանի ճշմարտությունը ընդդեմ կույր հավատի և անպտուղ ծիսակատարության, և քաջությամբ պատերազմելով խավարի և մոլորության հակառակ, հիմնում էր յուր քաղաքական կյանքի կարգերը ճշմարտության վերա էապես։ Ահա այսպիսի ընդհանուր գործողության մեջ էր մարդկությունը Եվրոպայում, մինչ հայոց ազգը ծառա և ստրուկ դարձած օտարի, վիզը դնում էր ամենայն հնարավոր լուծի տակ մի կտոր հացի համար, մինչ հայոց ազգի աբեղայքը փակված յուրյանց վանական խցերում, անգիր էին ուսանում Արիստոտելի Պորփյուրոսը և Դավիթ Անհաղթ փիլիսոփայի Սահմանքը: Տխու՛ր տեսարան, ողբալի դրություն, որի մեջ մեր սիրական հայոց ազգի կյանքը օրըստօրե վայրենացավ, նախնի ժամանակների հստակ հայախոսությունը աղավաղվեցավ, և մի անմխիթար աղջամուղջ գիշեր տարածեց առհասարակ Հայաստանի հորիզոնի վերա յուր խավար վարագույրը։ Թեպետև Ռուբենյանց թագավորության ժամանակ ևս չենք տեսանում Հայաստանումը սեր և պաշտպանություն լուսավորության, թեպետև շատ անմխիթար հիշատակարանը, այո՛, և թագավորների հրովարտակքը, և կաթուղիկոսների կոնդակները ցույց են տալիս մեզ յուրյանց մեջ և յուրյանց կերպարանքով ազգի տգիտությունը և լեզվի օրե օր աղավաղվիլը, թեպետև դույն այդ ժամանակում լսում ենք Լամբրոնացու գանգատները այնպիսի բաների վերա, որ անմիջապես հառաջանում էին մեր ազգի հոգևորների և մարմնավորների անդաստիարակութենից, բայց Ռուբենյանց թագավորության կործանվելուց հետո օրե օր ևս առավել սաստկանում է տգիտությունը, ևս առավել թանձրանում է խավարը և ազգը համորեն ընկնում է մի մահանման քնի մեջ։ Հայոց ազգը առանց աչք բանալու քնում է միալար չորս հարյուր տարի, մինչև տասնևութերորդ դարու սկիզբը: Այս դարը պիտո է ավելի բախտավոր ժամանակներ պատրաստեր հայկական դպրության համար. սորա միջոցին վերստին զարթնում է ոչ թե միայն հին հայկական դպրության ուսումնասիրությունը, այլև ականավոր մարդիկ շատ աշխատում են, ուսումնարաններ շինելով և եվրոպական նոր լեզուներից գրյանք թարգմանելով, վեր բարձրացնել այնքան խոր տգիտության մեջ թաղված ազգը և ներս բերել նորան եվրոպական քաղաքաշինության շրջանակի մեջ։ Բայց ցավելի է ասել, որ Հայաստանի հողը, որի վերա մի ժամանակ այնքան հոյակապ մարդիկ կարողացել էին սերմեր տնկել և պտուղներ հառաջացնել, չուներ
230