Այս էջը հաստատված է

այս պատճառով ևս զանազան արգելառիթք մեջ բերելով հրաժարվեցավ նպաստ լինել նորան։ Կտրած էր այնուհետև Մխիթարի հույսը մարդերից: Աստուծո անքննելի տնտեսությանը հանձնելով յուր անձը և յուր բարի խորհուրդը, 1700 թվականին վերստին գնաց Կոստանդնուպոլիս: Այստեղ քանի անգամ քարոզ տվեց նա Ղալաթիայի սուրբ Լուսավորչի եկեղեցումը, ուր օրեօր բազմացան նորա լսողքը։ Արդեն յուր առաջին տարու կեցության միջոցին Կոստանդնուպոլսումը սկսեց նա ճարել յուր համար աշակերտք ու բարեկամք, որոնց թիվը շուտով հասավ իննի։ Նոքա բնակվում էին մի տան մեջ, որ Մխիթարը վարձել էր Պերա (Բեյօղլու) ասացյալ տեղում, որտեղից կյուրակի օրերը գնում էր Ղալաթիա քարոզության համար։ Այս միջոցին տպագրել տվեց նա Թովմաս Գեմբացի անունով գիրքը, հետո «Գիրք մտածութեանց», Հովհաննու հայտնության մեկնությունը, որ Մծխեթացի Հովհաննես վարդապետը թարգմանել էր և Սոլոմոնի Երգոց երգույն մեկնությունը, որ թարգմանել էր Կարնեցի Խաչատուր վարդապետը։ Այստեղ յուր աշակերտներից մի քանիքը ձեռնադրել տվեց քահանա, որոնց և ուղարկեց քարոզության համար։ Մխիթարը, որ ինչպես երևում է, դավանող էր յուր հայկական ազգային եկեղեցուն, յուր, լատինական հոգևորների հետ ունեցած կենակցության, այլև այն նախապատիվ սիրու պատճառով, որ ուներ դոցա հետ, կասկածանք տվեց Կոստանդնուպոլսի Ավետիք վարդապետին։ Չկամինք այստեղ երկարաբանել Ավետիքի հալածասեր և բարբարոս ընթացքի վերա, չկամինք հիշել, որ նա խաբեբայությամբ կամենում էր ձեռք ձգել Մխիթարը, բարեկամանալով կապուցինյան աբեղաների Հակինթոս վանահոր հետ, որի հովանավորության տակ դիմել էր Մխիթարը հիսուսյան աբեղաների խորհրդով, այլ այս միայն հիշենք, որ Մխիթարը 1701 թվականի սեպտեմբերի 8-ին հաստատեց մի հոգևոր կարգ յուր ինն աշակերտներով, որոնց վերա իսկույն հավելացան այլ ևս յոթն, որոնցով բոլորի թիվը դարձավ տասն և վեց։ Ավետիքի հալածանքը սաստկանում էր, և ահ կար Մխիթարին օսմանյան անքրիստոնյա կառավարության երեսից, որի գործակատարքը կաշառվելով, շատ հեշտ կորուսանում էին մի մարդ, մանավանդ այն ժամանակներում: Այս պատճառով հարկադրված էր Մխիթարը ծածուկ փախչել Տաճկաստանից։ Աշակերտներից երկու֊երկու ուղարկեց նա Մորեա, որ գտանվում էր վենետիկյան հասարակապետության ձեռքումը, և ինքը երեք աշակերտով վաճառականի զգեստով նավ նստեց և գնաց Ջմյուռնիա, ուր գտանելով մի վենետիկյան նավ, որ գնալու էր Մորեա,

233