Այս էջը հաստատված է

յուր միաբանության հետ միասին, արդեն որպես հայտնի պապական, որպես վկայալ կրոնադրուժ, մատնվեր բուն հայոց հոգևորականության ձեռքը Կոստանդնուպոլսի մեջ։ Այս պատճառով Մխիթարը 11 աշակերտով 1715 թվականին նավ նստեց ու գնաց Վենետիկ, մյուս աշակերտքը թողնելով Մոթոնե քաղաքում, որպես պահապան վանքին և եկեղեցուն։ Երբ որ Վենետիկում լսած էին, թե Մխիթարյանց վանքն ու եկեղեցին քարուքանդ են եղած տաճիկների ձեռքով (1717-ին), վենետիկյան ծերակույտը մշտնջենավոր ժամանակով պարգևեց միաբանությանը Սուրբ Լազարոսի վանքը, մոտ մի ժամ հեռավորությամբ Մարկոսյան հրապարակից, դեպի Լիդո։ Մխիթարը և նորա աշակերտքը տեղափոխվեցան դեպի այդ կղզին, ուր եղած էր հառաջուց մի հիվանդանոց, ուստի հառաջացած է և անունս Սուրբ Լազարոս՝ Մխիթարյան հոգևոր կարգի հիմնարկության օրին, այսինքն 1717 թվակ. սեպտեմբերի 8-ին։ Այստեղ Մխիթարը հիմնարկեց մի նոր եկեղեցի և մի նոր վանք, որ կա և մինչև այսօր։ Պատմում են, թե Մխիթարը մի գեղեցիկ կերպարանքով մարդ էր, հեզ և խաղաղ հոգով. բայց այս նորա հեզությունը և խաղաղասիրությունը առիթ է եղել, որ Հայաստանի աբեղայքը մականվանել են նորան. «Լավ չէ». պատճառ, Մխիթարը տեսանելով մի անպատեհ բան, սովոր էր ստեպ կրկնել.«Լավ չէ, լավ չէ»։ Մխիթարի գեղեցիկ հատկութեններից մինն էր նորա համբերությունը այլև հաստատությունը յուր կամքի վերա. արդարև այնպիսի հատկությունք, որ հեշտ ճարեցին նորա համար բոլոր բարյացակամների սերը և հարգությունը։ Եվ այսպես թափվեցան նորա մոտ ամենայն կողմից առատաձեռն պարգևներ, և վենետկյան ծերակույտը շնորհեց միաբանությանը ամենայն կարելի թեթևությունք։ Այսպես միայն հնարավոր եղավ Մխիթարին վաստակել այն անսովոր մեծ վաստակը, որ արդարև վաստակել է նա. թայց մեր խոհական և մտածող հայ սրտի համար ո՛րքան պիտո է ծանրանա այս պատմության տրտում խորհուրդը, այդ անցքի իմաստասիրական եզրակացությունը մեր ներկայի համար։ Մխիթարը և հայկական ուսումը չգտանելով ոտքի ու կայքի տեղ յուր հայրենական հողի վերա և ազգի մեջ, պիտո է մուրացկանի պես օտար աշխարհ գնային, օտարի հողի վերա, օտարի հացով ու ողորմությամբ լուսավորության ճանապարհ բանային հայոց ազգի համար։ Այսպես ահա կատարվեցավ Մխիթարյան միաբանության հիմնարկությունը։ Այդ միաբանությունը սկզբումը ուներ ստուգապես այն խորհուրդը, որ վերակենցաղե հայկական դպրությունը. բայց այս ա

236