Այս էջը հաստատված է

բյուրը, որ է լուսավորություն։ Ասացինք, թե ճիշտ, լոգիկաբար քննելով՝ լուսավորությունը հետևանք է կրոնի, ասացինք այս ճառի առաջին գլխումը, թե «ասա՛ ինձ ո՛ր կրոնի խոստովանող ես դու, ես կասեմ քեզ, թե ո՛ր աստիճանի կամ ի՛նչ վիճակի մեջ է քո բանականությունը». արդարև պապականությունը լինելով մի իմանալի և հոգևոր Չինաստան,ուր ո՛չ ոք և ո՛չինչ օտարական չէր կարող ներս մտանել, ունի յուր սեփական հայացքը ամենայն բանի վերա։ Աշխարհի ընդհանուր լուսավորությունը նորա համար չէ. եթե լավ գնահատենք լուսավորություն բառիս արժանավորությունը. և ճշմարի՛տ, ինչպես կարող էր ստույգ լուսավորությունը տեղ գտանել մի աշխարհում, որի հիմքերը և տարերքը էին բռնակալություն և ստրկություն, որի գլխավորը աստուծո ամենակալի երեսփոխան քարոզելով յուր անձը, նույն պատիվը պահանջում էր ժողովրդից, որ պարտական էր միայն աստուծո հատուցանել, որի մոլեկրոն աբեղայքը,— այդ ստրկության որդիքը և բռնակալության խավարատեսիլ և դժոխադեմ զինվորքը, — եկեղեցու բեմերը թնդեցնում էին նզովք ու դատապարտություն կարդալով այն մարդերի վերա, որ համարձակվել էին որպես ճշմարտության պաշտոնյա մոտենալ առյուծի ավարին... Այո, շատերի համար յուրյանց ճշմարտությունը և լուսավորության քարոզությունը եղած է մահու դատակնիք։ Պապական կրակն ու սուրը այրել ու կտրել են այն լեզուքը և այն գլուխները, որոնց անմիջական քարոզությամբ խլրտվել էր մի ճշմարտության լույս պապական անմխիթար և մռայլոտ աշխարհի սահմաններում։ Ճշմարտության և լուսավորության շատ քարոզիչք փչել են յուրյանց վերջին շունչը պապական բանտերի բորբոսած պատերի տակին չարագործների և ավազակների հետ միասին մի խուրձ հարդի վերա... Այնտեղ, ուր մի կողմից սաստիկ նախապաշարված են մտքերը պապականության օգտի համար, մյուս կողմից բռնությունը և ստրկությունը հարկադրում են հրաժարվիլ այս և այն քննութենից, հնազանդվիլ և հպատակվիլ այն ձայնին, որ բարձր աղաղակում է՝ «անսխալ եմ», ո՞ր խելապատակումը ուղեղ ունեցող մարդը ճշմարիտ լուսավորություն կհուսա գտանել այդ ազգի ընդհանուրի մեջ։ Տարակույս չկա, որ կան ուսումնարանք, տպարանք, մատենադարանք, հնության թանգարանը և այլն և այլն. բայց ավա՜ղ, դոքա բոլորը նման են այն թզենուն, որին հանդիպեցավ մի անդամ Քրիստոսը Երիքովից Երուսալեմ գնալու ժամանակ, դա մի արտաքին փայլ է. այդ դուրսից միայն գործունեություն ցույց տվող շարժողության տակ պահված է սարսափելի անգործություն և անշարժություն։

264