Այս էջը հաստատված է

պապը խոստանում է կատարել Հենրիկոսի խնդիրը այն պայմանով, միայն, որ սա ետ գանչեր աքսորից հիսուսյան աբեղայքը։ Հենրիկոս Չորրորդը խոստացավ․ պապը լուծեց նորա ամուսնության կապը Մարգարիտի հետ և թույլ տվեց ամուսնանալ Մարիա Մեդիչիսի հետ։ Հիսուսյանք ետ եկան աքսորից և յուրյանց երախտագիտությունը ցույց տվեցին Հենրիկոս Չորրորդին, ցցելով նորա կուրծքի մեջ Րավայլյակի դանակը։ Պապականությունը շատ դիպվածներում զոհում էր յուր անսխալելի կանոնադրությունքը, շատ մեծամեծ մեղքեր, որ պապին միայն տված էր ներելու իրավունք, ներվում էին մի հասարակ հիսուսյան աբեղայի ձեռքով, նպատակին հասանելու համար․ մնացել էր պապին սեփական թողություն տալ այն մեղքերին միայն, որ հիշված էին Հաղորդության ասված կոնդակի մեջ։ Այս բոլոր բաները լինում էին ազգերին առաջնորդելու դեպի փրկության ճանապարհը․․. Մի կողմից, քարոզիչների խորամանկ և ազատ ներգործությունը ճանապարհ էր բանում ոտք չկոխված և հեռավոր աշխարհների մեջ, մյուս կողմից, իսկույն նոցա քամակից կրակը և երկաթը բարձրացնում էին պապականության դրոշակը, ուտելով ու մաշելով այդ աշխարհների ամենայն ազատ շարժողությունը։ Զարմանալի է ճակատագրի կամեցողությունը Հռովմի մասին։ Քրիստոնեության արևը ծագելուց հետո, մանավանդ այն օրից, երբ լուսավոր կերպով և հոգու գիտակցությամբ հասկացան քրիստոնեության փրկարար խորհուրդը, շատ քաղաքներ, որոնց մեջ մի տեղ հավաքված էին ամբողջ ազգերի զորությունք, բոլորովին կերպարանափոխ եղան․ դորա հակառակ՝ հավիտենական քաղաքը հիմնված լինելով ստրկության վերա, պահում է այս տարրը յուր քաղաքականության։ Ահա այն աղբյուրքը, որոնցից անմիջապես պիտո է բխեր Մխիթարյանց բարոյականությունը, այն հողը, որի վերա պիտո է բուսաներ, և այն ատմոսֆերան, որի մեջ պիտո է ծաղկեր նա։ Բայց այս բոլորը ընդհանուր աղբյուրք էին բարոյականության համար բոլոր պապականների․ բացի սորանից հարկավոր էր հանդես բերել մի այլ իրողություն, որ իսկույն մերկացնելու էր Մխիթարյանց բարոյականության մասնավոր և սեփական աղբյուրը․ մեր խոսքը այն կանոնադրության վերա է, որով վարվում էին Մխիթարյանք։ Ի՞նչ կանոնադրություն է այդ․ փառք և պարծանք Մխիթարյանց անվանը․ հիսուսյան ապիրատ կարգի, աշխարհին հայտնի կանոնադրությունը, որ Իգնատիոս Լոյոլայի երևելի աշակերտ Լայենեզի աշխատասիրությունն էր, թեև որպես բուն

268