հա թե ի՛նչ է պատահում. հավաքված շոգիքը այնքան թանձրանում են, որ նոցա մասնիկների փոխադարձ քարշողությունը առավելանում է և սորա հետ միասին պակասում է նոցա ձգականությունը: Նույն բանը պատահում է և թանձրացրած գազերի հետ: Այս պատճառով ևս պիտո էր հրաժարվիլ Արիստոտելի տեսութենից, որ երկրաշարժությունը և ցամաքահողերի բարձրանալը վերագրում էր գետնի տակում գտանված գազերին և շոգիներին: Օվիդիոսը պատմում է, թե Տրեոցենի մոտ կար մի բարձր ապառաժ, դուրս երևացած գետնի տակի հողմերից, որ փչելով ուռցրել էին գետինը փուքսերի նման: Գետինը ամրացել էր այս նոր ձևի տակ և դարձել էր բարձր ապառաժ: Թողունք ջրային շոգիներին նոցա սեփական ներգործությունքը. թող թռցնեն նոքա վագոնները ամենայն րոպե մի վերստ արագությամբ, կամ քշեն թեթև նավերը ծովերի և օվկիանոսների ալիքների վերայով, բայց ցամաքահողերը շարժեցնելու համար հարկավոր են ուրիշ, ավելի զորեղ ներգործողք: Մի կառքի ընթացք տալու համար չեն լծում շներ, վագոնով թռչելու համար չեն լծում ձիանք, վաթսուն վերստ հաստություն ունեցող մի մարմին շարժեցնելու համար շոգիների զորությունը նվազ էր: Երկրագունդի կեղևը կամ գանգը հանդիսացնում է այժմ մի հաստատ մակերևույթ, բայց երկրի դուրսի պատենի վերա հառաջացած էին մեծամեծ հեղափոխությունք: Նույն չափով, որով երկրագունդը սառեցավ և սեղմվեցավ նորա տարածությունը, ցամաքահողի շատ մասերը, որ մի տևողական կապակցություն միմյանց հետ և հաստատուն հիմք չունեին, կործանվեցան, մյուսերին այսօր ևս սպառնում է ավերանքը: Առաջինքը ընկան երեկ, երկրորդքը կքանդվին էգուց, այս վերջինների կարգում պիտո է դասել եզերքը ծովերի ու ցամաքի: Գետնի տակի դրդնդյունը, որ այնքան շատ երկյուղ է պատճառում բնակիչներին, առաջարկում է բնագետներին այս սարսափելի բնության երևույթի խնդիրը: Կարծիքը, թե ցամաքահողերը լողում են մի հալած նյութերի բազմության վերա, մի թեթև մեկնություն է տալիս այս երևույթին: Բևեռային աշխարհներում, ծովերի երեսի սառցաշեն դաշտերի տակից չէի՞ն լսում արդյոք երբեմն աներկյուղ ճանապարհորդքը մի զարհուրելի որոտմունք, հառաջացած սառույցի բեկորների միմյանց զարկվելուց, որ ներքին հոսանքով մտել էին մակերևույթի տակ: Այս սարսափելի զարկողությունքը նմանություն չունի՞ն արդյոք մեր մոլորակի ներսի աղաղակի հետ, որ պատճառվում էին սարերի ու ապառաժների
298