վարապաշտների բամբասանքին... դարձյալ պիտի պար գա Հերոդիադան... Մի ազգ, որ խորտակվել էր ժամանակի հարվածի տակ, չէ երևում այլևս մարդկության մեջ որպես մի ամբողջ, որպես մի գերդաստան, որի անդամքը կապված լինելով միմյանց հետ ճգնեին ընդհանուրի օգտի համար։ Մրրիկը, որ խլել էր մի այդպիսի գերդաստան ընդհանուր մարդկության քաղաքական շրջանից, ցրվում է այդ գերդաստանի անդամքը և հեռացնում է, բաժանում է միմյանցից։ Այնուհետև այդ անդամների համար իրական աշխարհում չկա միավորություն, նոքա չեն կազմում այլևս մի գերդաստան, որի անդամքը ծառայեին մի ընդհանուր և հասարակաց գաղափարի, այդ բոլորը դառնում է մի վերացականություն, անուն, առանց իրի։ Անգութ բախտը, կամ ավելի արդարությամբ խոսելով, մեր ազգի մեղքը հասուցել է մեր ազգը այս թշվառ վիճակին։ Մեր ազգի անդամքը, ամենեքյան համարում են յուրյաևց անձը մասնավոր, ազգը դարձել է մի վերացականություն. և այդ է պատճառը, որ ազգի հառաջադիմության սայլը ընկած մնում է ճանապարհի վերա, որովհետև ամենայն մարդ, մասնավոր համարելով յուրյան, սիրտ չունի մոտենալ և ձգել տանել սայլը։ Աշխարհի երեսին վերացական ազգ չկա, եթե կա ազգ, ուրեմն իրականապես, ապա թե ո՛չ, ամենևին չկա։ Ի՞նչ ասել է վերացական ազգ. ես, դու, նա, մյուսը անվանում ենք մեզ մասնավոր, առանց մտածելու, թե ո՛վ է ապա ազգը, և եթե մի բան պատահի, ազգի ամեն մի անդամը ասում է. «Թող ազգը հոգս առնե»,-այս ասելով ինքը յուր անձը որոշում է, հանում է միջից և համարում է մասնավոր, եթե մի ազգի բոլոր անդամքը այսպիսի մտածությամբ հրաժարվում են, ապա ո՞վքեր են, որ կազմում էին ազգը. ոչ ոք. ահա մի վերացական ազգ, և մեք ենք այդ ազգը։ Բայց որովհետև ասացինք, թե վերացական ազգ չկա, ապա ուրեմն մեք ազգ չունինք։ Մինը կարող է մեզ ասել, «Դու ի՛նչ հանդուգն մարդ ես, ի՞նչպես համարձակվում ես ասել, թե ազգ չկա, մինչդեռ աշխարհագիրքը մոտ իբր հինգ միլիոն համարում են հայոց ազգը»։— Մ՛ի բարկանար, սիրելիս, հանդարտ, հանդարտ, այդ հինգ միլիոնը ազգ չէ, այլ մասնավոր մարդիկ, և մինը այդ հինգ միլիոն կազմող մարդերից դու ես, որ անվանում ես քեզ մասնավոր, և ինչպես դու որոշում ես, հանում ես քեզ և անվանվում ես մասնավոր, մնացած չորս միլիոն ինն հարյուր իննսուն ինն հազար ինն հարյուր իննսուն և իննը նույնպես մի֊մի դուրս գալով որպես մասնավոր, մեջտեղումը թողնում է ոչինչ։ Ահա մեր ցավը, մեր խոցը, մեր վիշտը։
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/313
Այս էջը հաստատված է
313