Այս էջը հաստատված է

Ազգ ասացյալը է այն մեծ ույժը, այն կենդանի կապակցութ յունը մարդերի, որ առանց նորան, կամ նորանից դուրս, մասնավոր մարդը կլիներ մի անօգուտ անձնասեր — эгоист, իսկ բոլոր մարդկությունը՝ մի անպտուղ վերացականություն։ Մի անձնավորության միմյանցից բաժանող եսական սկզբունքը չափավորվում են ազգի կենդանի կապակցության վերին սկզբունքով, ուրիշ խոսքերով ասեմ, հասարակական մեծահոգի սկզբունքով։ Հասարակական կապակցության մեջ, չեն ոչնչանում անձնավորությունքը, այլ միայն հրաժարվում են յուրյանց մասնավորութենից, մի համաձայն ամբողջ կազմելու համար, բոլորի ցանկալի միավորությունը դուրս երևեցնելու համար։ Անձնավորությունքը հնչում են հասարակության մեջ ոչ որպես առանձին-առանձին, այլ որպես ներդաշնակ, ամբողջ երաժշտություն։ Ընկերությունը, մարդկության վերին բարոյականության պատկերը անկատար կերպով հայտնրվում է աշխարհի երեսին։ քրիստոնեությունը սրբեց և լուսավորեց ընկերությունը, որ ազգերը մինչև այն ժամանակ կամ պղտոր կերպով ճանաչում էին, կամ գուշակում էին միայն։ Եվ ընկերությունը դարձավ այնուհետև մի անհասանելի գաղափար, դեպի որը հավիտյանս հավիտենից մնում է հառաջ վազել։ Արդեն հառաջադիմության մեծ քայլ էր մի ազգի համար, մեծ շնորհ էր, ասում ենք, եթե դրված էր մի այդպիսի գաղափար, և դեպի նա ձգտում էին շատ մարդիկ։ Այն կապը, որ մասնավոր մարդերից կազմում է մի ամբողջ ազգ, է այս ձգտողությունը։ Ընկերական գաղափարի կատարելապես իրագործության անհնարավորությունը այս աշխարհի մեջ երբեք չէ պիտո դադարեցնեն ձգտող մարդերի գործունեությունը. ամենայն արգելառիթ, ամենայն խափանարկու պատճառ պիտի աղբյուր և շարժառիթ լինի գործունեության-մի նոր զորության։ Չէ կարելի լինել կատարյալ քրիստոնյա, բայց մարդու պարտականությունն է միշտ վազել դեպի այդ գաղափարը։ Ազգին անհրաժեշտ է ինքնուրույն գործականություն, և ազգի բարոյական հաղթությունը կատարվում է ամբողջ ազգի ձեռքով։ Մի օտարոտի բան էր բաժանել ազգը գիտուն և տգետ բաժիններով։ Արդարև, ոմանց տրվում է հասկացնելու զորություն, իսկ ուրիշներին ա՛կանջ դնելու և հասկանալու զորություն. բայց մարդիկ չէին, որ կարգադրում էին այսպես, այլ նախախնամությունը։ Բացի սորանից, ազգի ականջ դնող բաժինը մի սպիտակ թուղթ չէ, որ չգիտեր և չէր կարող դատել, թե ինչ էին գրում յուր վերա։ Ականջ դնողը շատ բան տալիս է հասկացնողին. նա շատ անգամ ոգևորում է սորան։ Ե՛վ խոսողը, և՛ լսողը կատարում են մի հասարակաց գործ, մինը՝ խելացի

314