դարավոր սառնությունը սահմանելու համար անպետ է Ռեոմյուռի ջերմաչափը, որովհետև մեր ազգի սառնության աստիճանը ցույց տալուց հառաջ, ինքը ժիպակը կպաղի փողովակի մեջ, չդիմանալով ցրտի ազդեցությանը։ Հայերը չկամին այս բանի վերա մտածել․ նորանց գովում են խաբեբա մարդիկ, և նոքա ինքնամոռացության մեջ քնում են խոր, լսելով օբսկուրանտների օրորոցի երգը։ Ոչինչ գործ չէ կատարվում առանց շարժողության․ իմքը կյանքը երևում է անդադար շարժուղության մեջ․ բայց ասիացին չէ սիրում շարժողության․ նա երջանիկ է այն ժամանակ միայն, երբ անշարժ ընկած էր մահճի վրա։ Մեր ազգի մեջ գործ չկատարվելու պատճառը այն է, որ չկա միաբան և խելացի շարժողությունը։ Մի մարդ, որի կերպարանքը այլանդակված էր, վախենում է նայել հայելու մեջ, որովհետև զարհուրում էր տեսանելով այդ այլանդակությունը․ նա բարկանում է հայելու վրա, ինչո՞վ մեղավոր է հայելին։ Թող նա աշխատի յուր այլանդակությունը հալածել, այն ժամանակ հայելու միջին ևս կհալածվի այդ այլանդակության պատկերը։ Մեր հայերից ոմանք բարկանում են ճշմարտախոս մարդերի վրա՝ հայելու վրա․ եղբա՛յր, դու քեզ նայիր, հայելին կցոլացնե քո պատկերը ինչպես իսկությամբ կաս դու, գեղեցիկ թե տգեղ, ուրեմն աշխատի՛ր գեղեցկանալ։
Այս ասած բաներիս ընդդեմ, ազգի կողմից դուրս դրած կամ դնելու պատճառներից ոչ մինը չենք ընդունում․ այլ այս է միայն ճշմարտությունը, որ մեր ազգի բարոյականության ոտքերը կավեղեն են։
Ազատ կամքը, որ աստված տվել է մարդուն, է սորա հատկացուցիչ բնավորությունը, որով բաժանվում է անշունչ բնութենից, այդ կամքը ահա՛ շինում է նորան մի բարոյական էակ։ Բնության համար չկա ոչ մի բարոյական խնդիր, բայց մարդու համար կա, և այդ հետևանք է նորա ազատ կամքին, որ կարող է լինել բարի և չար, բարձրացնել և կործանել։ Այստեղից է բխում մարդկային հոգու անվախճան գործունեությունը, նորա մշտնջենական ձգտողությունը դեպի հառաջ․սորանից են հառաջանում այն լուսավոր և խավար կողմերի մարդկության և մարդու մեջ։ Մի մարդ, որքան ևս ցած, կործանվաց լիներ, այնուամենայնիվ մի այդպիսի մարդու համար միշտ հնար կա բարձրանալու, միայն թե նորա ազատ կամքը դադարած չլիներ ներգործելուց։ Ողջից վատ է կամքի մեռանելը, քնելը և վհատելը կամ ամենևին չլինելը․ այդպիսի դիպվածում մարդը կորուսանում է յուր խորհուրդը և արժանավորությունը։ Թող մեր ազգի ամդամը բարվոք գործ դնելով յուրյանց