Այս էջը հաստատված է

մեջ ամենայն օր, բայց այդ լռությունը չարաչար գործ դնելով ուրիշները, աշխատում են դեռևս հանցանքը առաքինություն քարոզել. ով մարդ է, թո՛ղ դիմանա այս բանին: Գիտեմ, դարձյալ պիտի բամրասվիմ այս նամակիս պատճառով մի քանի պարոնների կողմից, բայց գո՛նե և շատերի սրտից լսելու եմ ձայնակցություն, որ միակ մխիթարություն է մնացել մեր համար։ Ո՛ր մի անհիմն կարծիքի ընդդեմ զինվորվիս, ո՛ր մի ապիրատություն դատապարտես, բայց և ո՛ր մինի մասին զանցառու լինիս. դոցա տեղը շատ է. բոլորովին լուռ մնալ չէ կարելի, այդ բաները գործվում են մեր ազգի մեջ. իսկ մեք ազգի անդամ ենք և չենք կարող մեզ օտար համարել ազգից, չենք կարող անվանել մեզ մի մասնավոր, կտրած ու բաժանած անձն ամբողջի կազմածից։ Ազգի վնասը և օգուտը ավելի մեծ կշիռ ունի մեր աչքումը, քան թե մեր անձնականը. գիտեմ, որ դուք ևս, մեծապատիվ Հրատարակող, սպասավոր եք այդ ուսմանը. ձեր անկաշառ ճշմարտապաշտության արձանքը կառուցած են ահա ձեր անմահ աշխատութենների մեջ։ Իշխանություն կա՞ ձեռքումդ, հարո՞ւստ ես. ուրեմն ամենալավ ամենապատվելի մարդը դու ես հայերի մեջ. զարկի՛ր, խեղդի՛ր, հալածի՛ր, ինչ կամիս արա՛, անդատապարտ ես. որովհետև հարուստ կամ իշխան լինելով, արդեն քո կողմը գրավել էիր Հռովմի պապի անմեղանչականությունը։ Քեզանից զարկվողը, խեղդվողը և հալածվողը է մեղավոր և դատապարտելի. դու դեռ ազգասեր անուն ևս կժառանգես հայերից, որ, երկար ժամանակ ստրկության մեջ մնալով և ստրկությունը դոցա համար երկրորդ բնություն դառնալով, ձանձրանում են, եթե մի րոպե պակասում էր նոցա գլխից որևիցե բռնավորի գավազան։ Մինչև այսօր մեր ազգի մեջ հրապարակախոս բերան չլինելով, պաշտպանություն է գտել, անպատիժ է մնացել ամենայն տեսակ վատթարություն, անկարգություն. ոչինչ չէ խոսվել, ոչ ոք չէ ընկել գրչի դատապարտության տակ։ Բայց պիտո է մի օր դուրս գալ այս խավար դրության միջից, պիտո է ճանապարհ տալ հրապարակախոսությանը և մեր ազգի մեջ: Փառք աստուծո, կա այժմ մեր մեջ մի հասարակաց բերան` Հյուսիսափայլը, Զեր և մեր նվիրականը, թո՛ղ նա կատարե այդ պաշտոնը, թո՛ղ նա լցուցանե յուր վեհ կոչման պարտքը, լինելու ազգային դաստիարակության սպասավոր. թո՛ղ խոսե նա անդադար, թո՛ղ բարձր ձայնով քարոզե նա և լավը և վատը, թո՛ղ շնորհակալ լինի լավի համար, բայց և չմոռանա դատապարտել վատը և խոտելին: Թո՛ղ վերջապես ազնիվ սրտերը, որ գտանվում են հայոց ազգի մեջ, մի փոքր


325