հուլիսի մեջ․ բայց ցույց չտալով յուր կոնդակը և առանց առաջնորդի գիտության քանդեց Սուրբ Խաչ վանքի սենյակները և Սուրբ Թեոդորոս եկեղեցու պարիսպը, պատճառելով թե նորուց կամ շինել։ Առաջնորդը բողոքում է կաթողիկոսին պ. Խալիբյանցի այսպիսի ընթացքի վերա, բայց կաթողիկոսը, փոխանակ մի պարզ բան գրելու, լցնում է կոնդակը սուրբ գրքի վկայություններով, շարականներով և առածներով և նախատում է արքեպիսկոպոսին, բայց այս անգամ այն պաճառով, թե ի՛նչպես համարձակվել է առաջնորդը հաշիվ պահանջել պ․ Խալիբյանցից այն արծաթագլխի համար, որ ինքը, միլիոնավոր հայերից ընտրած ընդանրական պատրիարգը, հանձնել էր յուր հարազատին… Ահա սկիզբը և արմատը այն վեճի, որի վերա հարկադրված ենք խոսել։ Սորանից ահա հառաջացավ մահով միայն վերջացած ատելությունը կաթողիկոսի դեպի վիճակավոր Մատթեոս արքեսպիսկոպոսը։ Առաջնորդը ոչինչ կերպով չկարողանալով օգնել այս ցավին, գոնե կարգադրեց և սաստկապես պատվիրեց երեսփոխաններին, որ եկեղեցական տարեկան եկամուտքը մյուս ևս չհասուցանեն պ․ Խալիբյանցի ձեռք, և այնուհետև օրենքի հիման վերա այդ բոլոր եկեղեցական արծաթքը մտան արքունի գանձարան։ Բայց ի՛նչ արժեց առաջնորդին այս կարգը սահմանել, թե ի՛նչ որոգայթներ լարեց պ․ Խալիբյանցը յուր համախոհների ձեռքով, որոնք քարոզում էին ժողովրդին, թե արքունի գանձարան մտած արծաթը մյուս անգամ ետ չէ ստացվում… Մի անգամ չորս պարոններ գրով խնդրեցին առաջնորդից, որ սա արքունի գանձարան չուղարկե եկեղեցական արծաթը, այլ այդ պարոնների հետ միասին կնքեն մի արկղի մեջ, իսկ այդ պարոնները ամենայն տարի կնքված արծաթի համար վճարեն օրենքով սահմանված տոկոսիքը։ Այս խնդրանգրի մասին հառաջացած գործը Նախիջևանի մագիստրատի մեջ մինչև այսօր մնացած է անկատար։ Այս պարոնների խորհուրդը էր, արծաթը փակելով ու կնքելով, ժամանակ շահել, որ պ․ Խալիբյանցը կարողանա մի սաստիկ հրաման բերել տալ առաջնորդի վերա, որպեսզի արծաթը չընկնի արքունի գանձարան։ Միջոց անցավ քանի մի տարի, կաթողիկոսի և առաջնորդի միմյանց մեջ հարաբերությունքը օր ըստ օրե թշնամական դարձան պ․ Խալիբյանցի և Ջալալյանց Սարգիս վարդապետի շնորհքով, որոնց գրավոր ապացույցը տեսած ենք յուր ժամանակին… Առաջնորդը ստիպվեցավ թողուլ պ․ Խալիբյանցի մոտ գտանված եկեղեցական արծաթի գործը առանց ուշադրության, թեև երբեմն խոսք ու զրույց հառաջանում էր այդ մասին պ․ մինիստրի հետ (կոմս Լև Ալեքսեևիչ Պերովսկու հետ)։
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/329
Այս էջը հաստատված է
329