Այս էջը հաստատված է

անխնա պահանջում են, և նա յուր սեփականը չունենալով՝ օտարի հացի և կյանքի միջնորդութենով գործ է կատարում։ Հայոց ազգի մեծատունքը առավել մեր կարծիքով պիտո է նախանձավոր լինեին ազգի լուսավորությանը և պատշաճավոր խրախույս և քաջալերություն տային այն մարդերին, որոնք անդադար աշխատում են ինչպես հարմար էր ժամանակի հարկավորությանցը, ապա եթե այս չլինի, հեղինակը աշխատելով տիվ և գիշեր և վաստակելով, չունի կարողություն յուր աղքատ քսակից բաշխել ազգի մանուկներին պարգև, հեղինակը յուր աշխատությամբը, իսկ ազգի մեծատունքը յուրյանց տուրքովը պիտո է գործ կատարեն, մինը առանց մյուսին ոչինչ չեն կարող առնել, և եթե այսպիսի պատշաճավոր միաբանություններ չկային, եթե ամենի նպատակը ազգի լուսավորությունը չէր ուղիղ ճանապարհով, եթե հին լեզուն կենդանի աշխարհքիցը տարագիր չէր, սու՛տ է ամենայն լուսավորություն, զու՜ր ջան և անօգուտ վաստակ։ Մեք գոնե լսում ենք բանագետ մարդերի բերանից, որոնք փորձ առած լինելով կարող էին փորձանքի մեջ եղողներին օգնական գտանվիլ, թե ո՛չինչ ազգ չի կորչի, եթե նորա լեզուն պատշաճավոր կերպով ճոխանա, արմատանա և հաստատվի ազգի հոգու և սրտի մեջ։ Այսպես ոչինչ ազգ կարող չէ յուր գոյությունը և կյանքը հարատևե, կորուսանելով յուր պատշաճավոր մատենագրությունը և լեզուն։ Ազգը ինքն ըստ ինքյան ազգ չէ, եթե չունի լեզու։ Մեք տեսանում ենք մարդումս բաղկացություն երկու իրից, առանց որոց նա չէր մարդ, այսինքն հոգին և մարմինն երկուսը լծորդյալ լինելով, կառուցանում են այն արարածների մեջ չքնաղ և վսեմ ստեղծվածը, որ միայն յուր արարչի պատկերն էր։ Այսպես ազգությունը ունի յուր հոգին, և այս հոգին լեզուն է։ Առանց այս լեզվին չկա ազգ. սուտ բան է և առասպել, առակ։ Ոչինչ բան չէ կարող բնության մեջ լինել կենդանի, եթե չկային նորանում հոգի, այս հոգին լեզուն էր։ Բայց հայոց ազգը յուր լեզուն թողել է անմշակ և նորա մատենագիրքը և հեղինակքը մինչև այսօր ասիացի դաստիարակութենով սնունդ առած լինելով, ավելի նախընտիր են համարել, որ յուրյանք փառավոր մարդերի կարգումը երևեին, հին լեզվով գրողների միջին, քան թե նոցա գրածիցը ազգի անբախտ զավակները օգուտ ստանային, թեև ցավելով հարկ է խոստովանել՝ ի՞նչ էր դոցա գրածը բաղդատելով եվրոպեական բազմաճյուղ և բազմօրինակ լուսավորության հետ. քանի մի աբեղայական մտքեր կամ ոտանավորներ, [որոնք] անօգուտ էին ազգին։ Թող այդ պարոններն իմանան, որ հայոց ազգը հինգ դարուցը մինչև հիմա յուր մատենագրության մեջ մնացել է միշտ ոտա

340