է ֆրանսիական ազգից, դորա փոխարենը տվել է նա այն հատուցմամբը, որ հատուցել է նոցա: Այն հոգեպայծառ խնդությունը, որով Փարիզը անցյալ օգոստոսի 15-ին ընդունեց յուր, Իտալիայից վերադարձած կայսերը, չէ թողում այդ մասին ոչինչ երկրաբայության տեղիք: Դեկտեմբերի 2-ի քաղաքական դարանագործը ամենևին արժանի է այսօրյան ֆրանսիացոց ազգին: Ձեզ հայտնի կլինին Լուի-Բլան, Վիկտոր Հյուգո և Եդգար Կինե տարագիր եղած ֆրանսիական մատենագիրների պատասխանիքը ընդդեմ կայսերական թողության հրովարտակին: Այժմ կամեի Ձեզ հաղորդ կացուցանել մի այլ պատասխանական նամակի, որ գրած է գնդապետ Շարրասը Կայեննեից (Ֆրանսիական Գյուանայի մեջ Հարավային Ամերիկայում): Ահա դորա խոսքերը․
«Հայտնի լինի Լուդովիկոս Բոնապարտեիդ.
Դուք հրատարակում եք ընդհանուր թողության թուղթ. դուք ներում եք այն հազարավոր քաղաքացիներին, որ վաղուց ահա ձեր ձեռքով դուրս վարված դեպի օտար աշխարհ, Աֆրիկայի սատակիչ կլիմայի մեջ և Կայեննեի ժանտախտային ճախինների մեջ, անցուցանում են մի ողբալի կյանք: Սոքա պաշտպանում էին ձեր երեսից այն օրինադրությունը, որ հառաջացել էր ազատ և ընդհանուր դատողության իրավունքից (par le droit de suffrage universel), որ և դուք հանդիսավոր երդմամբ հանձն առաք հավատարմությամբ պահպանել, բայց հետո դրժողապես քակտեցիք։ Սորա համար հանդիպեցավ նոցա ձեր վրեժխնդրությունը։ Այժմ ցուցանում եք նոցա շնորհ․ զարմանալի՜ բան։ Հանցավորը ներում է նոցա, որ եղել են նորա ամբարշտության զոհ։ Եվ ա՛յս հատկացուցիչ բնավորությունը պետք էր ձեզ փոխ առնուլ այլանդակված Հռովմի կեսարներից։ Հասարակաց դատաստանի և աշխարհի պատմագրության առաջև չկամիմ երբեք հանձն առնուլ այդ խարդախ փոխանակությունը։ Այն մարդուն, որ լուծել է իրավունքը, անպատաշաճ է ողորմություն ցուցանել նոցա՛ կողմից, որ պաշտպանել են այդ իրավունքը։ Ձեր թողությունը կամենում է անպատվել նորանց, որոնց վերաբերվում էր նա։ Նա ծածկում է յուր մեջ մի որոգայթ, մի դարանագործություն, ինչպես ձեր բոլոր խոսքերը, ինչպես ձեր ամեն մի երդումը։ Փույթ ձէ ինձ այդ։ Բայց ես որպես փոխանորդ ժողովրդի,որի բերանը խցկել եք դուք, որին փակել եք դուք բանտերի մեջ, տարագիր եք արել, ես որպես պաշտոնակալ, որին զրկել եք դուք յուր արժանավորութեններից, հալածելով նորան մինչև նորա աքսորանքի մեջ, ես հրատարակում եմ ձեզ
364