Այս էջը հաստատված է

Ձեռնարկելով էժեն Սյուի վեպի հայերեն թարգմանությանը, Նալբանդյանը նպատակ է ունեցել ոչ միայն աշխարհաբար լեզվով ընթերցանության հետաքրքիր նյութ տալ ժամանակակից երիտասարդությանը, այլև ծանոթացնել եզվիտների գործունեության հետ ընդհանրապես: Նալբանդյանն ինքն էլ է նշում այն կապը, որ կար մխիթարյանների և հիսուսյանների միջև: Այսպիսով, ֆրանսիական հեղինակի աղմուկ հանած վեպը ստանում էր նոր, լրացուցիչ մի նշանակություն հայկական իրականության համար: Միայն այս տեսակետից է հասկանալի դառնում հիսուսյանների մասին այն ծավալուն և մանրակրկիտ ուսումնասիրությունը, որ նա կցում է «Թափառական հրեայի» իր թարգանության առաջին հատորին: Դա սոսկ պատմական մի տեղեկանք չէր բնավ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Մտնելով արտաքնապես դավանաբանական խճճված հարցերի մեջ, Նալբանդյանն, ի վերջո, որոշակի քաղաքական նպատակ էր հետապնդում. եզվիտների՝ մարդկության պատմության մեջ խաղացած ռեակցիոն դերը բացահայտելով՝ ցույց տալ կաթոլիկական պրոպագանդի էությունը, պայքարել մխիթարյանների ազդեցության դեմ: «Պետք է տեսնես, թե ժիտը ինչ փառավոր տպվում է,-գրում է նա կատակով Գ. Սալթիկյանին 1857թ. մայիսի 29,-փիր փերվենտե և լավ հասկանալի լեզվով. կաթոլիկների մեջքը կտրելու է այդ» (ընդգծումը մերն է, Ն.Մ.): Սակայն «Թափառական հրեայի» նշանակությունը դրանով չի սահմանափակվում: Այդ գրքի տպագրությունն իրենով նշանավորել է և աշխարհիկ գրական լեզվի ձևավորման առաջին փուլի ձեռբերումները: «Վերք Հայաստանի» վեպի տպագրությունից մեկ տարի առաջ, 1857թ. Մոսկվայում հրատարակվում են Նազարյանի «Հանդես նոր հայախոսության» գրքի երկու հատորները և «Թափառական հրեա» վեպի I հատորի թարգմանությունը. մինչև այդ, արդեն հրապարակ էին իջել Նազարյանի երկու աշխարհաբար գրքերը և տպագրության էր պատրաստվել աշխարհաբարի դատի պաշտպանությանը նվիրված Նալբանդյանի «Ճառը», թեև գրաբար: 1857 թվականն, այսպիսով, այն սահմանագիծն է, երբ վավերացվում են աշխարհաբարի քաղաքացիական իրավունքները և ուղի է հարթվում 1858-ին «Հյուսիսափայլի» երևան գալու համար: «Հյուսիսափայլին» հաջորդում է «Վերք Հայաստանի» վեպի տպագրությունը, որը մի ամբողջ հեղաշրջում է կատարում հայ իրականության մեջ: Սակայն այդ հեղաշրջումը, թերևս հեշտությամբ տեղի չունենար, եթե դրա համար պատրաստի հող չլիներ. այդ հողը պատրաստվել էր 40-50-ական թթ. գործիչներ Գ. Պատկանյանի, հենց իր՝ Խ. Աբովյանի, Ս. Նազարյանի և Մ. Նալբանդյանի ջանքերով: Այսպես, 1850 թ. աշխարհաբարով հրատարակելով իր «Արարատ» շաբաթաթերթը, Պատկանյանն ընգծում էր այն միտքը, թե «Կովկասի» ձախողումը պայմանավորված էր դրա գրաբար լեզվով: Նազարյանը տպագրելով «Հանդես նոր հայախոսության» գրքի I հատորը, ազդարարում էր «հայկական բանական հոգու» արթնացումը երկար դարերի թմրության վիճակից և ազգի անդամների ձգտումը լուսավորության գործն իրենց ձեռքը վերցնելու մասին: Այս ամենի ֆոնի վրա, երբ մանավանդ Նազարյանի և Գեղամյանցի միջոցով Նալբանդյանը քաջատեղյակ էր Աբովյանի գործունեությանը, թերևս նաև «Վերքի» գոյության գոյության փաստին. նա ձեռնարկում է «Թափառական հրեայի» թարգմանության գործը, դրանով կցելով մի ծավալուն առաջաբան: Դժվար է այժմ ասել, նրան հայտնի՞ էր արդյոք «Վերք Հայաստանի» վեպի առաջաբանի բովանդակությունը: Բայց որ իր առաջաբանով նա ընդառաջում էր Աբովյանի բարձրացրած հրատապ հարցերին, այս աներկբայելի է: Նալբանդյանի առաջաբանի մասին թեև խոսվել է մեր պատմագիտական և բանա

406