Այս էջը հաստատված է

զներգործութիւն ժամանակին ի վերայ լեզուին, որպես պարոն Թաղիադեացն: Առ հասարակ ապագայ հնախոյզք առեալ ի ձեռն զմատենագրութիւնս ի հին լեզու՝ հինգ և 19-երորդ դարուց. չգտանիցեն ի նոսա զզանազանութիւն և զյարաբերութիւն առ դարսն, յորս կեցին հեղինակըն գուցէ մինն քան զմիւսն արժանաւոր գտցի վճիտ կամ խրթին հայախօսութեամբ: Այլ զայսմանէ չէ խնդիրս. այդ ամենայն կարեն պատահիլ և ամենայն դարս, զի ի հինգերորդ նուիրական դարու ոչ ամէն ոք Եղիշէ, ոչ ամէն ոք Խորենացի և այլն. այլ գտան և այնպիսիք՝ որք ի հայկաբանութեան մասին բազմօք յետնեալ են յարդեան հեղինակաց, որպեսիք եղեն և են՝ Աւգերեանք, Ջախջախեան, Ասկերեան, Ինճիճեան, Այվազովսքի և այլք, զորս չէ տեղւոյս յիշել, միակ պարոն Թաղիադեանն լոյս տացէ ապագայ խուզարկուաց, թէ զիա՞րդ հայեցաւ դարն 19-երորդ ի հին լեզուն. այլ այս ամենայն լցուցանեն գէթ զցանկութիւն և պատասխանի տան ուսումնական հարցասիրաց, այլ ժողովուրդն առ հասարակ զի՞նչ օգտի ի սմանէ՝ ոչինչ և կրկին անգամ ասացից ոչինչ: Հին այդ լեզու զրկեալ է յիրաւանց ժամանակին, չունի կեանք յընկերական կենցաղս, և ամենայն Հայ, թէ ուսանի և թէ պարտաւորական էր զայդ ուսանիլ՝ ուսանի և ուսցի, որպէս Եվրոպացւոց մանկունք զլատինականն և զյունականն, բայց նմա պիտի լեզու այլ, նոր և կենդանի լեզու աշխարհիկ, շինեալ և մշակագործեալ հեղինակացն ջանիւք իբրև գործարան ազգային լուսաւորութեան: Այս էր առաջին պահանջելին, բայց մնա և մի այլ պահանջելի, որում մինչև այժմ ոչ ոք ի Հայս Ռուսաստանեայց ուշադիր եղև և լինել կամի, այս է՝ շինութիւն հայկական ուսումնարանաց վասն հայաբար աւանդելոյ ի նոսին զուսանելիսն բովանդակ. զի կենդանի բարբառ ուսուցչին այլապէս գիտէ ներգործել ի սիրտ և ի հոգի աշակերտին քան թէ գրուածքն լոկ. թող թէ բազում են և յաշխարհիկ մատենագրութեան առանց ի վերայ լաւելլոյ մեկնաբանութիւն ուսուցչին, անհասկանալի էին մնալոց հայկական զաւակին, բայց խելացի հարք մեր դժուարութիւն ի վերայ դժուարութեան բարդելով, կարծին գործ մեծ կատարել և այդպէս իւրեանց իսկ ձեռօք փակեն և կցեն զամենայն դրունս լուսաւորութեան: Բայց ըստ դոցա լեզու Հայոց և լուսավորութիւն երկու որոշ իրք տեսանին, մեծ ինչ երևին դոցա քանի մի աղքատին բեկորք Հայ հնախօսութեան, մինչ խելապատակ մանկանց դատարկ և ամայի և անսնունդ մնալ ի հոյակապ գիտութեանց մերումս դարու: Այլ և մանուկն Հայոց կարօտի հասկանալի լեզուի, որով կարիցէ ուսանիլ և զհին լեզուն իսկ՝ որ անհասկանալի է նմա, թէպէտև բազումք ի կամակոր հնամոլաց և զայդ փորձ փորձեցին և փոր

41