Այս էջը հաստատված է

Այս պատճառների հիման վերա, հեղինակի գրելիքը առաջինը պիտո է լինեին նոր հայախոսութենով, երկրորդ, հեղինակությունը պիտո է վերաբերվեր ընդհանուր կրթության, և այնպես, որ առանց նախընթաց կարոտության օրինավոր դպրոցների և համալսարանի, հասկանալի լիներ ընթերցողներին և միևնույն ժամանակը գրավող և դաստիարակող ընդհանրապես: Շատ օրինակներ ունինք մեր աչքի առաջև, որ մեծամեծ աշխատությունք, այո՛, քրտինքով գլուխ բերած, ազգին ամենևին օգուտ չեն բերել, ինչպես են բարձրագույն ուսումների հրահանգությունքը. հանկարծ, մինչ ո՛չ դպրոցներ, ո'չ ճեմարան և ո՛չ համալսարան ունեինք, թարգմանել և տպել «Ուսումն նավուղղության». այս ասելով միտք չունիմ միայն այս գործը պախարակել կամ սորա անտեղի լինելը հայտնել, այլ այսպես շատերը կան, և ո՛չ միայն շատ կան, այլ կարելի է ասել, թե մեր մատենագրության մեծ մասը, այսպիսի բաներից է բաղկացած։ Ո՞վ է դոցա կարդացողը և հասկացողը, և ու՞ր է այդ գրքերի հանդեսը։ Այո՛, եթե ունեցել էինք պատշաճավոր ուսումնարաններ, եթե գիտության սանդուղքի համար ունեցել էինք մի ամուր քարից պատվանդան, որի վերա աներկյուղ կարելի էր սանդուղքը ամրացնել, այն ժամանակ կարելի էր և ավելի վեր բարձրանալ. իսկ մեք ո՛չ եթե օրինավոր պատվանդան, այլև առանց մի ոտք կոխելու տեղ ունենալու, կամենում ենք օդի վերա սանդուղք ամրացնել և նորա վերայով բարձրանար: Այդպիսի բաներ երազում միայն կարող են կատարվիլ, իսկ արթնության մեջ, ո՛չ երբեք։ Քանի որ մեր մատենագրական գործունեությունը փակված է այն նեղսիրտ և դարավոր հնության սահմանի մեջ, քանի որ տասն և ինն դարու հեղինակքը չորրորդ և հինգերորդ դարու լեզվով խոսելով, ստիպում են ժողովրդին ևս մոռանալ XIX դարը, մոռանալ շրջապատող հանգամանքները և ետ գնալ հեռանալ մինչև V դարը, ես իմ կողմից կարելի է մեղանչում եմ... կատարյալ իրավունք կը տամ ժողովրդի անգրասիրությանը. պատճառ, թեև հեղինակները ինքյանք գրելու ժամանակ վերանում են մինչև V դարը, բայց ժողովուրդը չէ կարող նույնպես գնալ V դարը, մեր պատվելի XIX դարու հեղինակությունքը կարդալու: Նա պինդ կապած է ժամանակի շղթաներով. ժամանակը վազում է հառաջ. ուրեմն և ժողովուրդը պիտո է վազե. այստեղ նա միջոց չունի, թեև ցանկանար, ետ դառնալ այնքան հեռի, տասն և չորս դարու ճանապարհ. ժողովուրդը ուղեկից է ժամանակին և մնացել է և մնում է նորա ազդեցության տակ. պատվելի հեղինակները բացառություն կամենալով լինել հասարակաց օրենքից մնացել են և այժմ ևս

74