Այս էջը հաստատված է

ՎանաՀայրը, տեսանելով նորա տգիտությունը, իսկույն հրամայեց բռնել նորան, և իբրև խաբեբա կամ ժողովրդի մոլորեցուցիչ՝ տարեց եպիսկոպոսի առաջևը։ Եպիսկոպոսը իսկույն հրամայեց բանտ դնել նորան և բոլոր նորա աշակերտքը։ Իգնատիոսը և աշակերտքը բանտումը նստած երգում էին հոգևոր տաղեր. և երբ մյուս մարդիկը հնար գտան բանտից փախչելու, նա յուր աշակերտների հետ միասին մնաց բանտումը, թեպետև դուռները բաց էին։ Այս բանը այնպես զրավեց բոլորի սիրտը, որ իսկույն արձակեցին նորան բանտից յուր աշակերտների հետ միասին։ Վշտանալով Սալամանկայի անշնորհակալ բնակիչներից, մանավանդ աբեղաներից և համալսարանի վարդապետներից, որոնք հայտնի, ինչպես ինքը Իգնատիոսը ասում էր, հակառակվում էին աստվածային հոգուն, որոշեց Փարիզ գնալ, ուր գտանվում էին Եվրոպայի մեջ հռչակված համալսարանի աստվածբանական ֆակուլտետը։ Նա այս բանը հայտնեց յուր աշակերտներին, բայց նոքա, ձանձրացած լինելով անորոշ և անհանգիստ կյանքից, բաժանվեցան յուրյանց վարժապետից․ վասնորո Իգնատիոսը, բարձելով իշի վերա յուր գրյանքը և ամենահարկավոր բաները, ինքը միմիայն ճանապարհ ընկավ դեպի Փարիզ, ուր պիտո է ընկներ նոր փորձանքների մեջ և հանդիպեր արգելառիթների։ Փարիզ հասանելու ժամանակ, նա համարյա՛ թե այնքան բան գիտեր, որքան Բարսելոնում։ Նորա քարոզները, որ Սալամանկայում ասում էր, գործից ձգել էին նորան․ վասնորո նոր ի նորո նստավ քերականություն ուսանելու։ Մի անգամ նորա ընկերներից մինը գողացավ նորա վերջին արծաթը, որ բերել էր յուր հետ Սպանիայից. այն ժամանակ սկսեց նա դարձյալ մուրացկանություն առնել։ Բայց ֆրանսիացիք, որ արհասարակ մեծահոգի են, ակամա տալիս էին սպանիական աղքատին մի բան ողորմություն, լրտես համարելով նորան, ըստ որում Պավիա քաղաքի մոտ եղած պատերազմը դեռ չեի մոռացել։ Իգնատիոսը մի աբեղայի խորհրդով ուսումնապարապի ժամանակ ուղևորվեցավ դեպի Սպանիական Նիդելանդիա ողորմություն հավաքելու, որտեղից բավական արծաթ բերեց յուր ապրուստի համար։ Այս միջոցներումը կարողացավ նա մի քանի ընկեր ճարե.լ նա այնպիսի գեղեցկախոսութենով նկարագրեց նոցա կամավոր աղքատության ուխտը, որ իսկույն գնացին նորա քամակից հիվանդանոցները և սկսեցին ապրել մուրացկանութենով։ Իգնատիոսը Մոնտեգյու (Montaigu) դպրոցում մի տարի մնալուց հետո մտավ սուրբ Վառվառեի կոլլեգիումը,

                                                                     93