Այս էջը հաստատված է

պում էր Կսավիեին աշխարհի հետ։ Շուտով Կսավիեից հետո ուրիշ շատ աշակերտներ ևս, մանավանդ սպանիացիք և պորտուգալացիք, հռչակավոր Հակոբ Լայենեզը, Ալֆոնս Սալմերոնը, Նիկոլայ Բոբադիլյան, Սիմոն Ռոդրիգեզը և այլ ուրիշներ «Հոգևոր վարժությունների» հրաշալի զորութենից համոզվելով միավորվեցան Իգնատիոսի հետ։ Որպեսզի կարողանա նորանց միանգամայն աշխարհքից հրաժարել, կամեցավ Իգնատիոսը երդումով կապել, այս պատճառով Աստվածածնի վերափոխման տոնի օրը, նա աշակերտների հետ միասին հեռացավ կուսանաց վանքը, որ Փարիզի մոտ Մոնմարտր տեղումն էր։ Այնտեղ մի մատուռի մեջ Լայենեզը, որ արդեն քահանա էր, պատարագ արեց, և պատարագից հետո բոլոր ընկերքը երդում կերան հանդեսով, որ հրաժարվին աշխարհի ամենայն բարութեններից և նվիրեն յուրյանց անձը աստուծո բանի քարոզությանը անհավատների մեջ։ Այս խրհրդով խոստացան նոքա ընկնել պապի ոտքերը, խնդրել նորա օրհնությունը, մատուցանել նորան յուրյանց ծառայությունները և կատարել կուրորեն ամենայն ինչ, որ հրամայե առաքյալի տեղապահը։ Այսպես սկսեց այս հռչակավոր հասարակությունը: Հավանական է, թե այս կարգը ևս շուտով կը կործանվեր և կը չքանար, ինչպես շատ հոգևոր կարգեր երևել էին աշխարհի երեսին և հետո անհետացել, եթե կամակորութենով սկսեր աշխատել յուր նախկին նպատակին հասանելու համար, այսինքն քարոզել Ավետարանը անհավատների։ Բայց Գերմանիայի նորանոր անցքերը, որոնցից ահ կար թե կործանելու էին Հռովմի քահանայապետների ութ հարյուր տարի ունեցած իշխանությունը , ուրիշ ուղղություն տվեցին այս հասարակությանը, և հարկադրեցին նորան նշանավոր հանդիսանալ ընդհանուր պատմության մեջ։ Քանի մի խոսք ասենք այժմ «Հոգևոր վարժությունք» անունով գրքի վերա (Exercitia spiritualia), որ արդեն քանի անգամ հիշել ենք։ Այս ի՞նչ հրաշալի գիրք է, որին չեն կարող ընդդիմանալ ո՛չ մանկությունը, ո՛չ աշխարհայնությունը, ո՛չ հարստությունը և ո՛չ մինչև անգամ հպարտ անհավատությունը։ Արդեն ասացինք, որ այս գիրքը Լոյոլայի առաջին տարիներումը գրված բան չէ. երևի թե գրված է այն Փարիզում այն ժամանակ, երբ արդեն նորա վառ աշխույժը և եռանդը փոխվում էր դեպի մի սառն քաղաքականություն։ Այս գրքի մեջ պարունակվում է հիսուսականության բովանդակ հոգին և ուղղությունը։ Կարգի բոլոր հառաջադիմությունքը այս գրքի մեջ իբրև գաղափար պարունակված մտքերի պտուղքն են միմիայն։

96